ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին խորհրդարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ: Մասնակցել են Էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը, Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյանը, Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը: Պատգամավորներն անդրադարձել են գործադիրի համապատասխան գերատեսչությունների, մասնավորապես՝ Արդարադատության եւ Էկոնոմիկայի նախարարությունների հիմնական դիրքորոշումներին, առաջարկվող կարգավորումների վերաբերյալ դիտողություններին եւ առաջարկություններին: Հիմնական հարցերում ձեռք է բերվել համաձայնություն եւ նախագծերում համապատասխան փոփոխություններ անելու պայմանավորվածություն:
Պատգամավոր Մերի Գալստյանը նշել է, որ ուսումնասիրվել է մի շարք երկրների հաջողված փորձը, համաձայն որի՝ թափառող կենդանիների, մասնավորապես, շների հետ կապված հիմնախնդրի լուծումը նշված երկրներում հնարավոր է դարձել բացառապես համալիր եւ բազմակողմանի օրենսդրական, ենթաօրենսդրական լուծումների, ինստիտուցիոնալ գործիքակազմերի առկայության եւ փուլային կիրարկման պարագայում: Պատգամավորն ընդգծել է միջազգային լավագույն փորձի եւ կենդանիների բարեկեցության մարդասիրական հիմնարար սկզբունքներին համահունչ օրենսդրություն ունենալու կարեւորությունը:
Նախագծերի համահեղինակ, պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հավելել է, որ հատկապես մարզերում թափառող կենդանիների հիմնահարցի լուծումը խիստ արդիական է՝ վկայակոչելով տարբեր գերատեսչություններց ստացած վիճակագրական տվյալները թափառող կենդանիների կողմից հասցված վնասի եւ դրանցով պայմանավորված առողջապահական ծախսերի մասով:
Ազգային ժողովի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մարի Ստեփանյանը ներկայացրել է որոշ իրավական կարգավորումների փոփոխությունները՝ ի պատասխան գործադիրի դիտարկումների, ինչպես նաեւ առաջարկվող որոշ օրենսդրական պահանջները մեկնաբանելու մոտեցումներն ակնկալվող իրավակիրառ պրակտիկայում:
Քննարկված եւ համաձայնեցված կետերով համապատասխան փոփոխություններ կարվեն նախագծերի փաթեթում: