Կարեւորում եմ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունների ակտիվացումը, ինչը դրական ազդեցություն կունենա տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման վրա. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ողջունելով Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը մեր երկրի խորհրդարանում:
Հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ու Հունգարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Սարգիս Խանդանյանի գնահատմամբ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունները սերտորեն համագործակցում են: Հանձնաժողովի նախագահը խոսել է միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտության մասին` այս համատեքստում արժեւորելով բարեկամական խմբերի աշխատանքը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ չնայած երկու պետությունների միջեւ հարաբերություններն ակտիվացել են, սակայն տարբեր ոլորտներում` տնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին` կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ կայունության ու խաղաղության հաստատումը: Սարգիս Խանդանյանը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի մասին, ներկայացրել Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչը, ըստ պատգամավորի, կարող է երաշխիք լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցին: Միհայ Բալլան ընդգծել է այդ գործընթացներում Հայաստանին աջակցելու հունգարական կողմի պատրաստակամությունը: