2025 թվականին Արտաքին գործերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվելիք գումարը կկազմի 17 մլրդ 441 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի կլինի 378 մլն դրամով կամ 2,2 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ընթացիկ ծախսերի գծով կունենանք 2,3 տոկոսով աճ, կապիտալ ծախսերի գծով կունենանք նվազում 15 մլն դրամով»,- հստակեցրել է նախարարը: Նա հավելել է, որ այս գումարներում ներառված չեն այն դրամական միջոցները, որոնք այս տարի տրամադրվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան համար շենք գնելու նպատակով: Գնումը կատարվել է պահուստային միջոցներով:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաջորդիվ անդրադարձել է նախարարության իրականացրած աշխատանքներին, ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին: Նա խոսել է տարածաշրջանային երկրների, մասնավորապես` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ: «2024 թվականին այստեղ եղել է շատ շոշափելի արդյունք` առաջին հերթին` միջպետական սահմանի սահմանազատման դեպքով, կամ ուղղությամբ, կամ համատեքստում: Մենք ապրիլին ստորագրել ենք փաստաթուղթ երկու հանձնաժողովների ղեկավարների` փոխվարչապետների միջեւ, եւ ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը վավերացվել է արդեն ՀՀ-ում` Ազգային ժողովի կողմից, իրենց` ադրբեջանական կողմից էլ իրենց համապատասխան ընթացակարգն է անցել: Առաջիկայում, ըստ էության, կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգն ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո` 2024 թվականի այս մնացած ժամանակահատվածում, եւ 2025 թվականին, հուսամ, սահմանազատման աշխատանքները կշարունակվեն»,- ասել է նախարարը` հավելելով, որ այս պահին խանգարող որեւէ բան չի տեսնում:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին: Նախարարի տեղեկացմամբ այժմ պայմանագրի տեքստի շուրջ կա 1-2 ձեւակերպում, որոնց վերաբերյալ կշարունակվեն աշխատանքները: «Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ նաեւ այդ 1-2 ձեւակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- ասել է նա եւ հավելել, որ հայկական կողմն անհիմն է համարում ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային որոշակի պահանջ է պարունակում Ադրբեջանի տարածքի նկատմամբ: «Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն: Եվ այստեղ, որպես շատ հզոր եւ հստակ ապացույց, ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որն արձանագրեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սա գալիս է փարատելու բոլոր հնարավոր մտահոգությունները»,- ընդգծել է ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանի խոսքով մյուս ուղղությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ինչի առումով եւս քայլեր են արվել:
«Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են: Այստեղ եւս որոշակի դրական մթնոլորտ կա, եւ մենք առաջիկայում կշարունակենք ադրբեջանական կողմի հետ աշխատանքները: Մեր սկզբունքներն այս առումով այն են, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան ա'յն երկրների ինքնիշխանության ներքո եւ գործեն ա'յն երկրների օրենսդրությանը համապատասխան, որոնց տարածքով անցնում են: Ամեն ինչ պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա:
Սա արտացոլված է մեր Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում: Ուրախ եմ ասելու, որ բազմաթիվ երկրներ եւ միջազգային գործընկերներ ողջունել են «Խաղաղության խաչմերուկը»,- ասել է նախարարը:
Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: