National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
08.11.2024
Խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ
1 / 31

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել  խորհրդարանական լսումներ Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումների վերաբերյալ:

Խորհրդարանական լսումներին մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ տեւական ժամանակ քննարկվել է օրենքների նախագծերի փաթեթը, ձեւավորվել է աշխատանքային խումբ ԱԺ պատգամավորների եւ պատկան մարմինների մասնակցությամբ: Ընտրական օրենսգրքի լավարկմանն ուղղված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել նաեւ արտագնա քննարկում:

Կարեւորելով հանրային լսումների ձեւաչափը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Նա համոզմունք է հայտնել, որ կլինեն առարկայական առաջարկություններ, որոնք կբարելավեն արդեն առաջին ընթերցմամբ ԱԺ-ի ընդունած օրենքների նախագծերի փաթեթը: «Ժողովրդավարության ամրապնդման գործում առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական ինստիտուտների, ընտրական համակարգի շարունակական  բարելավումը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ օրենսդրությունը բարեփոխելու նախաձեռնությունը Հայաստանում մեկնարկել է 2018 թվականից: Նրա խոսքով հետագայում էլ շարունակվել է ընտրական օրենսդրության բարելավման քաղաքականությունը:

Արմենուհի Հարությունյանի ներկայացմամբ 2021թ. հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների եւ 2021-2022 թթ. համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունների ընթացքում ծագել են բազմաթիվ խնդիրներ: Դրանք արձանագրվել են ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից:

Ըստ հիմնական զեկուցողի` քննարկվող օրենսդրական փաթեթում փորձ է արվել անդրադառնալ արձանագրված  խնդիրներին: Նշվել է, որ տեղամասային կենտրոնների մեծ մասը դեռեւս մատչելի չէ հաշմանդամության կամ տեղաշարժման, հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար: Նա շեշտել է, որ ընտրական օրենսդրությամբ կսահմանվեն բավարար իրավական երաշխիքներ: Նշվել է, որ արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում ընտրությունների նշանակմանն ու անցկացմանն առնչվող դրույթներում եւս կկատարվեն համապատասխան փոփոխություններ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ հնարավոր կլինի նպաստել ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը, Հայաստանում ձեւավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը: Նա տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթի մշակման ժամանակ հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի, քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչների կարծիքներն ու դիտարկումները: Հիմնական զեկուցողը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի նաեւ ընտրությունների պատշաճ կազմակերպման հնարավորութունների ստեղծմանը, նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության ապահովմանը:

Արմենուհի Հարությունյանը պատասխանել է մասնակիցների հարցերին` ներկայացնելով հավելյալ պարզաբանումներ արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում ընտրությունների նշանակման ու անցկացման, ինչպես նաեւ կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող կարգավորումների վերաբերյալ:

Օրենսդրական փաթեթում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներ ու առաջարկներ են ներկայացրել լսումների մասնակիցները: Նրանք կարեւորել են ընտրական գործընթացում իրականացվող բարեփոխումները, խոսել Ընտրական օրենսգրքում որոշ դրույթներ փոփոխելու անհրաժեշտությունից: Որոշ կարգավորումներ համարվել են խնդրահարույց եւ անընդունելի: Ընտրական գործընթացներում կարեւորվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերակատարությունը:

Ելույթներում անդրադարձ է եղել կուսակցությունների քաղաքական ֆինանսավորման թեմային: Բարձրացվել են տարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի հրապարակայնությանը եւ նախընտրական հիմնադրամների մուտքերի օրինականության ստուգմանը վերաբերող հարցեր:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ներկայացված բազմաթիվ ծավալուն կարգավորումներ ամբողջական չեն եւ կարիք ունեն լրացուցիչ քննարկման:

Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով հնչած որոշ առաջարկներ կտեղայնացվեն փաթեթում: «Ընտրական փաթեթն ունի միայն մեկ նպատակ` ապահովել քաղաքացիների` ընտրական իրավունքն ազատ արտահայտելու հնարավորությունը, եւ այդ նպատակին մենք անշեղորեն գնալու ենք»,- ընդգծել է զեկուցողը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ամփոփելով լսումները, նշել է. «Ընտրական օրենսգիրքը քաղաքական դաշտում պայքարի համար նախատեսված ընդհանուր խաղի կանոններն են, որոնք պետք է ընդունելի եւ հասկանալի լինեն բոլորի համար եւ հեշտ ու հստակ` իրականացման տեսանկյունից»: Պատգամավորն անդրադարձել է մասնակիցների ելույթներում հնչած դիտարկումներին: Վլադիմիր Վարդանյանի խոսքով բոլոր կուսակցությունները պետք է ունենան  ֆինանսավորման նույն հնարավորությունները: Զեկուցողը, կարեւորելով հնչած առաջարկներն ու քննադատությունները, հավելել է. «Այն, որ այս քննարկումը տեղի է ունենում անկախ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դահլիճում, արդեն ժողովրդավարության հաղթանակ է: Պետք է  ամեն ինչ անենք, որ այդ ժողովրդավարական արժեքներն ու պետականությունը դառնան այն հարատեւ արժեքները, որոնցով մենք պետք է շարժվենք առաջ»:

Պատգամավորը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախաձեռնությունը լրամշակելու նպատակով կշարունակվեն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային քննարկումները` հաշվի առնելով ներկայացված առաջարկները:


08.11.2024
ՀՀ Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին եւ հանդես եկել դասախոսությամբ: «Նորարարություն եւ առաջնորդություն» թեմայի շրջանակում ԱԺ փոխնախագահն ապագա սպաներին աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած իր գիտելիք...

08.11.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Կքննարկվի ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am