Խորհրդարանական դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության մասին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից (NDI) իրականացվող «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի» մասնակիցների հետ խոսել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 11-ին կայացած հանդիպման ժամանակ:
Հանձնաժողովի նախագահը ողջունել է երիտասարդ մասնագետներին, ովքեր մոտ մեկ տարի փորձաշրջան են անցնում Ազգային ժողովում: Նա կարեւորել է այն փորձը, որը երիտասարդները ձեռք են բերում խորհրդարանում՝ աշխատելով պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում եւ աշխատակազմի ստորաբաժանումներում:
Սարգիս Խանդանյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած մշտական հանձնաժողովի գործառույթները՝ նշելով, որ հանձնաժողովի գործունեության առանձնահատկությունը խորհրդարանական դիվանագիտության եւ միջխորհրդարանական կապերի համակարգումն է: Որպես հանձնաժողովի գործունեության կարեւոր մաս՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կառույցներում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների աշխատանքը:
Պատգամավորը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են վերջին տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումներին, հայ-թուրքական, հայ-վրացական հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին: Երիտասարդ մասնագետները հետաքրքրվել են նաեւ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերով: Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ Հնդկաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ խաղաղության պայմանագրին, Հայաստանի՝ COP29-ին մասնակցություն չունենալու հարցին:
«Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրը» ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում: