National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
13.11.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագիծը
1 / 33

Ազգային ժողովը նոյեմբերի 13-ի նիստում շարունակել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը:

Բյուջետային փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա անդրադարձել է այն դիտարկումներին, մտահոգություններին եւ առաջարկներին, որոնք ներկայացվել են պատգամավորների կողմից Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երկրի գալիք տարվա գլխավոր փաստաթղթի վերաբերյալ քննարկման ընթացքում:

«Հանձնաժողովի նիստում առաջարկ ներկայացվեց, որ հետայսու Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացվող բյուջետային հայտում ինչպես ամբողջ գերատեսչության, այնպես էլ ոստիկանության մասով անպայման տեղ գտնեն նախորդող համապատասխան ժամանակաշրջաններում համակարգի գործունեության տարբեր ոլորտներում առկա քանակական եւ որակական արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներն ու դրանց կապակցությամբ իրականացված նպատակային համապատասխան վերլուծությունները»,- նշել է զեկուցողը եւ հավելել, որ դա հնարավորություն կտա առավել իրական պատկերացումներ կազմել տվյալ գերատեսչության կողմից ներկայացվող բյուջետային հայտի հիմնավորվածության վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Զինված ուժերում կադրային ռեսուրսի օպտիմալացման, ռազմական արդյունաբերության զարգացման, ինչպես նաեւ արտաքին հետախուզական ծառայության գործունեության կարեւորության մասին:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

Գալիք տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորներն ու Կառավարության անդամները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ 2025 թվականին առաջին անգամ պետությունը շուրջ 80 մլն դոլար արժողությամբ փաթեթ է ներկայացրել խորհրդարանին եւ օրենքն ընդունվելուց հետո կարեւորագույն ներդրումներ են կատարվելու տեխնոլոգիական ոլորտում: Նախարարը հավելել է, որ ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիական, ինովացիոն լուծումների:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Կառավարության ծրագրով նախատեսված ոլորտային առաջնահերթություններին, որոնք հետեւողականորեն իրագործվելու են: «Մենք հավատում ենք, որ այս քաղաքականության շարունակականությունն ապահովելու է մեր երկրում առողջ դիմակայուն հասարակության ձեւավորումը»,- նշել է նախարարը:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել բարձր աճի փուլում եւ հաջողությամբ դիմակայում է համաշխարհային մարտահրավերներին: «Արդյունավետության բարձրացումը, գիտելիքահեն տնտեսության ձեւավորումը, արտահանման նոր շուկաների բացահայտումը եւ տեխնոլոգիական առաջընթացն այն հիմնական գործիքներն են, որոնց միջոցով Հայաստանը կարող է ինքնավստահ առաջ շարժվել՝ դառնալով տնտեսական եւ խաղաղության առաջատարը տարածաշրջանում»,- ասել է նախարարը:

«Հայաստանի Հանրապետության բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարեւոր նպատակի. ունենալ արհեստավարժ, մարտունակ եւ ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել ՀՀ՝ 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքը»,- ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են անվտանգության ապահովումը, արտաքին քաղաքական ներդաշնակ, համերաշխ միջավայրի ստեղծումը, տնտեսական կապերի աշխուժացումն ու տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:

Հարցի քննարկումը կշարունակվի նոյեմբերի 14-ին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am