National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
12.12.2024
Երեւանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը
1 / 17

Դեկտեմբերի 11-ին Երեւանում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ եւ հյուրեր: Քննարկումներին հեռավար ձեւաչափով մասնակցել են նաեւ Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը, Թուրքիայի, Ալբանիայի եւ Բուլղարիայի պատվիրակությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ելույթը՝ այստեղ:

Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: 2024 թվականի մայիսի 14-15-ը Տիրանայում կայացած գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստի արձանագրության եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվության հաստատումից հետո քննարկվել են ֆինանսական հարցեր՝ կապված կառույցի՝ 2025 թվականի բյուջեի հետ:

Այնուհետեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, իսկ Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկի գործունեության մասին խոսել է բանկի նախագահ Սերհաթ Քոքզալը:

Նիստում հիմնական քննարկումները ծավալվել են «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում:

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը փաստել է, որ քննարկվող հարցը չափազանց կարեւոր է մեր տարածաշրջանի համար, քանի որ մեր երկիրն ավելի քան 30 տարի շրջափակման մեջ է:

«Սահմանների բացումը կնպաստի Հայաստանի տնտեսական գործունեության զարգացմանը՝ արտահանումների եւ ներմուծումների, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ակտիվացման միջոցով: Սահմանների բացումն ուղղակիորեն տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում:  Մենք այս նախաձեռնությունը ներկայացրել ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին եւ կարող ենք վստահությամբ ասել, որ նախաձեռնության վերաբերյալ բոլորի վերաբերմունքը դրական է»,-ընդգծել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ սահմանների բացումը կնպաստի նաեւ տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների եւ ներմուծման ծախսերի կրճատմանը: Վերջինս իր հերթին լայն հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների համար՝ Հայաստանը դարձնելով գրավիչ տարանցիկ երկիր:

Զեկուցողն անդրադարձել է եւս մեկ ուղղության. զբոսաշրջության ոլորտը կարող է դրական ազդեցություն ունենալ սահմանների բացման վրա:

«Մենք չենք ուզում ունենալ փակ տնտեսություն եւ փակ սահմաններ մեր հարեւանների հետ»,- խոսելով սահմանների բացման հարցում ռիսկերի մասին՝ փաստել է զեկուցողը:

Բաբկեն Թունյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ ամրապնդելու տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը՝ որպես մեր հավաքական անվտանգության ռազմավարության անկյունաքար: «Վստահ եմ, որ խաղաղությունը, ինչպես նաեւ համագործակցությունը, չափազանց կարեւոր են տնտեսական զարգացման համար: Մյուս կողմից տնտեսական համագործակցությունն ու ինտեգրումը չափազանց կարեւոր են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության համար»,- վստահեցրել է հայկական պատվիրակության ղեկավարը եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա մարտահրավերները:

Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Հունաստանի, Թուրքիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Քննարկվել են աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին ու հումանիտար աղետներին վերաբերող հարցեր: Արտագաղթի տեմպերի համատեքստում անդրադարձ է եղել փախստականների խնդրին: Մասնակիցները կարեւորել են սեւծովյան տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, սահմանների ապաշրջափակումը:  Սահմանների բացումն արժեւորվել է առեւտրաշրջանառության, գործարար կապերի ակտիվացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների խթանման առումով:

Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ֆատիհ Դոնմեզը, ով նիստին մասնակցում էր առցանց ձեւաչափով, անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարեւորել սահմանների բացումը, վերահաստատել, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը:

Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը եւս կարեւորել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի՝ նպաստելով տարածաշրջանի զարգացմանը:

Այնուհետեւ օրակարգային հարցերի շրջանակում է եղել ՍԾՏՀ տարածաշրջանում փախստականների եւ միգրացիոն հոսքերի իրավական մարտահրավերների վերաբերյալ քննարկումը, ինչպես նաեւ «ՍԾՏՀ անդամ երկրներում խորհրդարանների դերը մշակութային ժառանգության պաշտպանության ամրապնդման գործում» հարցը: Քննարկվել են նաեւ ՍԾՏՀ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները:

Նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների եւ խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ՍԾՏՀ տարածաշրջանի բազմաթիվ մարտահրավերների, իրավական-քաղաքական գործընթացների, գլոբալ տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Անդրադարձ է եղել կլիմայական փոփոխությունների ու էկոհամակարգի վերափոխման հետեւանքով ի հայտ եկած մի շարք բացասական երեւույթներին եւ դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարեւորությանը: Ընդգծվել է համընդհանուր հետաքրքրության հարցերի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ ՍԾՏՀ ԽՎ-ի համագործակցված աշխատանքի արդյունավետությունը: Այս համատեքստում նշվել է համատեղ նախաձեռնությունների ներկայացման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին որոշվել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 65-րդ լիագումար նիստն անցկացնել Ադրբեջանում՝ 2025 թվականին: Նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին:


12.12.2024
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի առնչությամբ հրավիրում է խորհրդարանական լսումներ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am