ՀՀ Ազգային ժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ընդունել է 2020 թվականի հուլիսի 16-ին: Սակայն կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաեւ նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ նախագծով առաջարկվում է վերանայել կարգավորող մարմնին առնչվող գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը: Կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող ինչպես մուլտիպլեքս, այնպես էլ ցանցային օպերատորներին՝ հեռարձակումն անհապաղ դադարեցնելու համար: Ավելացվել է նոր պահանջ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը. մասնավորապես առաջարկվում է հայտին կցել նաեւ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել են հեղինակազորման եւ լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման պայմանները: Առաջարկվող փոփոխությամբ հեղինակազորման եւ լիցենզիայի կասեցման պայման կարող է հանդիսանալ նաեւ համապատասխան ընդունված ստանդարտներին չհամապատասխանող տեխնիկական միջոցներով հեռարձակողի կամ օպերատորի գործունեությունը, որը կարող է տեխնիկական խոչընդոտներ ստեղծել Հայաստանում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար:
Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվող կարգավորումների արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները եւ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը: