Օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության բնագավառում պատշաճ վերահսկողության իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ընդունման արդյունքում կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ եւ բավարար իրավական նախադրյալներ:
Տեսչական մարմինն առաջարկվող փոփոխություններով վերահսկողություն է իրականացնելու նաեւ արդեն բուհերի կրթական ծառայության իրականացման լիցենզիայի առկայության լիցենզիայի պայմանների ու պահանջների նկատմամբ: Ըստ այդմ՝ Տեսչական մարմնին վերապահվել է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն:
Պետրոս Մարտիրոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ, մասնավորապես, լիցենզավորման ոլորտի գործընթացին, արտադպրոցական կրթության մասով կարգավորումներին առնչվող հարցերի վերաբերյալ: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: