Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների եւ Պետական կառավարման ակադեմիայի` Ազգային ժողովում փորձաշրջան անցնող ուսանողների հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը: Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում պատգամավորն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը: Նա խոսել է տարբեր կառույցների, մասնավորապես` ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի, ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ խորհրդարանում քննարկվող «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին` նշելով, որ նախաձեռնության ընդունման նպատակը Հայաստանի ժողովրդի` առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելն է:
Օրենսդիրի ներկայացուցիչը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են հարեւան երկրների հետ հարաբերություններին, Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, տարածաշրջանի անվտանգային խնդիրներին:
Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 12-ին: