Նախաձեռնության ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով 2024 թվականի հուլիսի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի եւ Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում հայտարարվել է աղետի գոտի եւ անհրաժեշտություն է առաջացել քննարկել գետերի հուների մաքրման հարցը:
«Ջրային ոլորտում քաղաքականություն իրականացնող իրավասու պետական մարմինների հետ քննարկվել են հեղեղներից հետո ջրային ռեսուրսների, մասնավորապես՝ գետերի մաքրմանն առնչվող խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները»,- նշել է փոխնախարարը եւ հավելել, որ արդյունքում Կառավարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքում:
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով նախագծով լրացվել է «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը: Վերացվել է ջրօգտագործման թույլտվության վերանայման ժամանակ ջրօգտագործողի կողմից լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության իր օրինակը ներկայացնելու պահանջը, հանվել է նաեւ վերջինիս չներկայացման համար նախատեսված կասեցման հիմքը:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախաձեռնության վերաբերյալ:
Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է մարտի 25-ի ԱԺ նիստում: