Կարեւորելով վաստակաշատ անձանց եւ սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության եւ հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Փոխնախարարի տեղեկացմամբ ԿԳՄՍ նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ ստեղծելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարել եւ սահմանել լիազորող նորմ:
ԿԳՄՍ նախարարությունը սահմանելու է նաեւ մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին եւ դրա զարգացմանը նվիրած անձանց: Բացի այդ, նրանց անվամբ մարզադպրոցների անվանակոչումը կապահովի մանուկների եւ պատանիների հոսք դեպի մանկապատանեկան մարզադպրոցներ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ: