Ազգային ժողովն ապրիլի 21-ի նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ընդդիմադիր պատգամավորների այն մեղադրանքներին, թե, իբր, իշխանությունները հրաժարվել են անցյալից ու փաստել. «Հայաստանի Հանրապետությունում մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան ժողովրդավար չի եղել, Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան շանս չի ունեցել սեփական ինքնիշխանության պաշտպանության համար: Ահա թե ինչու է աղմկում խորհրդարանական ընդդիմությունը»:
Ըստ խմբակցության ղեկավարի՝ Հայաստանում չի եղել նման իրավիճակ, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90, իսկ իշխանությունը՝ 10 տոկոսին, ընդդիմությունը տիրապետի տասնապատիկ ավելի ֆինանսական ռեսուրսի, քան իշխանությունը:
Ընդդիմության փաստարկներին հակադարձել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Առնվազն մինչեւ այս պահը դուք չեք կարող եւ չեք ուզում իշխանություն վերցնել: Բա պատասխանատվությունա՞, բա հետո ի՞նչ եք անելու, կանգնելու եք ասեք նախկիննե՞րն են մեղավոր, մե՞նք: Մարդիկ չեն հավատալու, որ մենք ենք մեղավոր, որովհետեւ մասնակից են եղել այդ ամենին եւ քվեարկել են: Դուք իշխանություն չեք ուզում վերցնել նաեւ հիմա, ձեր նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Եզրափակիչ ելույթում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներում ու ելույթներում առկա որոշ խնդիրների: