ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը քննարկման է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ հիմնականում եղել են խմբագրական բնույթի փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները՝
այստեղ:
Քննարկվել է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքն ու հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության ու ծառայությունների թափանցիկության ապահովմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձեւավորմանն ու զարգացմանը: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ. այն լրամշակվել է: Մասնավորապես փոխվել է նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը. առաջարկվել է 2027 թվականի հունվարի 1-ի փոխարեն այն ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունիսի 1-ից: Նպատակն է ուժի մեջ մտնելու պահին ունենալ օրենքով սահմանված բոլոր գործիքակազմերը: Մեկ այլ առաջարկով էլ նախատեսվել է ռիելթորների որակավորման վկայականները տրամադրել էլեկտրոնային ձեւաչափով. թղթային տարբերակը դուրս է բերվել: Առաջարկվել է նաեւ ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման ծառայությունների շրջանակներում կատարվող վճարումներն ու փոխանցումներն իրականացնել Էսքրոու հատուկ բանկային հաշիվ միջոցով:
Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ առաջարկ է ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Պատգամավորն առաջարկել է օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝ ֆիզիկական անձանց համար յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի բազային տուրքը 5000 դրամի փոխարեն սահմանել 1000դրամ: Կառավարությունն ընդունել է պատգամավորական առաջարկը:
Հիմնական կարգավորումները՝
այստեղ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ քննարկվել է ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթի վերաբերյալ գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Մասնավորապես, ընդլայնվել է կարգավորման առարկան, սահմանվել են պահանջների մեծությունների չափման, միավորների չափանմուշների ստանդարտ նմուշների չափման միջոցների եւ մեթոդների պահպանման վերաբերյալ դրույթներ, վերանայվել եւ ճշգրտվել են մի շարք սահմանումներ:
Հիմնական կարգավորումները՝
այստեղ:
Գեւորգ Պապոյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Նախարարի տեղեկացմամբ օրինագծի նպատակն է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին իրենց համախառն եկամտի մինչեւ 2.5 տոկոսի չափով պետական հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին եւ նախնական մասնագիտական, միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել համախառն եկամտից: Գեւորգ Պապոյանի խոսքով ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական ԲՈՒՀ-երի, միջին մասնագիտական եւ հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը:
Նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:
Հիմնական կարգավորումները՝
այստեղ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: Առաջարկվել է դրանք ընդգրկել առաջիկա գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:




