Նախագծով առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա սահմանել Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ: Այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը:
««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի հերթական նիստում:
«Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության անվերապահ պարտավորությունն է: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով: Մասնավորապես, վերջիններիս կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ոչ ամբողջական կամ այնպիսի ժամկետում, որը ՀՀ վարչապետի աշխատակազմին հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետում ապահովելու արդարացի փոխհատուցման գումարի վճարումը: Ավելին, ՀՀ օրենսդրությամբ բացակայում է արդարացի փոխհատուցման գումարի վճարման գործընթացի իրավական կարգավորումը»,- մանրամասնել է Կարեն Անդրեասյանը: Նա նշել է, որ թեեւ առայսօր գործնականում արդարացի փոխհատուցման վճարումներն իրականացվել են, սակայն իրավական հիմքի բացակայությունը շարունակաբար հանգեցրել է գործնական տարբեր խնդիրների առաջացմանը, որոնց լուծմանն էլ միտված է առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ընդգծելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




