Օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի վարչարարության թվայնացման նպատակով Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարում «Օտարերկրացիների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ 2022 թվականից միայն աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վարչական վարույթն է իրականացվում էլեկտրոնային եղանակով:
Զեկուցողի խոսքով ներկայացված փաթեթի ընդունմամբ եւ տեխնիկական միջոցների ներդրմամբ օտարերկրացիներին տրամադրվող բոլոր կացության կարգավիճակների (թե՛ ժամանակավոր եւ թե՛ մշտական) տրամադրման գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի:
Նշվել է, որ հստակեցումներ են կատարվել կացության կարգավիճակների, տեսակների եւ վարույթների գործընթացում: «Մենք համապատասխանեցրել ենք կացության կարգավիճակների չափանիշները եվրոպական ստանդարտներին եւ այժմ կունենանք ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակներ»,- ընդգծել է Արմեն Ղազարյանը եւ հավելել, որ նաեւ հստակեցվել են այդ կացության կարգավիճակների հիմքերը: Հատուկ կացության կարգավիճակին բնորոշ ազգությամբ հայ լինելը եւ նշանակալի ներդրում ունենալը տնտեսության եւ այլ ոլորտներում կսահմանվեն որպես մշտական կացության կարգավիճակի հիմքեր:
Հաջորդ փոփոխությունը կատարվում է աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման վարույթում: Առաջարկվում է ներդնել քվոտավորման համակարգը՝ ըստ կացության կարգավիճակների, տեսակների եւ հիմքերի: Փոխնախարարի տեղեկացմամբ սահմանվում է լիազորող նորմ, որով Կառավարությունը յուրաքանչյուր տարի պետք է անդրադարձ կատարի քվոտավորման համակարգին: Վերանայվել են նաեւ կացության կարգավիճակների համար սահմանված պետական տուրքերը:
Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար սահմանել 150 հազար դրամ պետական տուրք՝ գործող 105 հազար դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար՝ 250 հազար դրամ՝ 140 հազար դրամի փոխարեն:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ներդրվող քվոտավորման համակարգին, օտարերկրացիներին տրամադրվող աշխատանքի թույլտվությանը, ներքին աշխատաշուկայի պաշտպանությանը եւ այլն:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի տված դրական եզրակացությունը:




