National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
10.12.2025
Ալեն Սիմոնյանի ելույթը «Էթիկական չափորոշիչներն իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովում
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով:

«Նախ շնորհավորում եմ մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ:   Դեկտեմբերի 10-ը բոլորիս հիշեցնում է այն հիմնական արժեքների պաշտպանության մասին, որոնց վրա կառուցվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը՝ մարդկային արժանապատվություն, ազատություններ, հավասարություն: Պետք է արձանագրենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետության պարտականությունն է, այլեւ հանրային համերաշխության հատուկ բաղադրիչը:

Ազգային ժողովը` որպես ժողովրդավարական պետության բարձրագույն օրենսդիր մարմին, կարեւոր առաքելություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք շարունակում ենք հետեւողականորեն կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը:

Բացի այդ, պարտավոր ենք երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ առանձնահատկություններից, հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից ու ազատություններից:

Այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում: Օրենքի ընդունումից հետո վերոնշյալ գործառույթները վերապահվելու են հենց Մարդու իրավունքների պաշտպանին, ինչն էապես կընդլայնի ՄԻՊ-ի գործառույթները ու հնարավորություն կտա առավել համակարգված արձագանքելու անհավասարության դեպքերին:

Նշվածը, սակայն, միայն մի մարմնի աշխատանք չէ: Այն պահանջում է համատեղ գործունեություն ինչպես քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների, այնպես էլ պետական մարմինների մասնակցությամբ:

Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով էթիկական չափորոշիչները եւ առավել հստակ մեխանիզմներ սահմանել իրավահավասարության ապահովման համար:

Կոչ եմ անում բոլոր դերակատարներին շարունակել համատեղ ջանքերը՝ կառուցելու հարգանքի, ներառականության եւ արդարության վրա հիմնված հասարակություն եւ պետություն: Այդ ճանապարհին մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել Հայաստանը այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված կլինեն՝ երբեք ու որեւէ պարագայում կասկածի տակ չդրվելու երաշխիքով:

Շնորհակալություն»,- եզրափակել է ելույթը ՀՀ ԱԺ նախագահը: