Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունն ընդգրկում է 2025 թվականի օրացուցային տարում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործընթացների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքների, առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման վերաբերյալ տեղեկությունները:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Բաբայանի խոսքով 2025 թվականին ընկերությունների լուծարման եւ մասնավորեցման գործընթաց չի իրականացվել: Զեկուցողի տեղեկացմամբ հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարիների մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 8 մլն 100 հազար 630 դրամ, որից 7 մլն 541 հազար 670 դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե, իսկ 558 հազար 960 դրամը՝ համայնքային բյուջեներ:
«Հաշվետվությունում արտացոլված են մասնավորեցման գործընթացների արդյունքում սեփականատերերի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների եւ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ»,- ընդգծել է Գեւորգ Բաբայանը եւ հավելել՝ 2025 թվականի ընթացքում կատարվել են 5 գնորդի ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները, 1 գնորդի ստանձնած պարտավորությունները չկատարելու հետեւանքով էլ ընթանում է դատական գործընթաց: Նշվել է, որ 1 գնորդի ստանձնած՝ 25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորությունների մեկնարկը կտրվի այս տարվա վերջ՝ ակադեմիական շենքի կառուցումից հետո:
Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում կատարվել են 2 փոփոխություններ. «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանվել է մասնավորեցման ծրագրի ցանկից, իսկ «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը՝ ընդգրկվել:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են պետական գույքի նպատակային օգտագործմանը:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագիծը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»
օրենքի նախագծին:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագծում բովանդակային փոփոխություն չի կատարվել:
««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված
օրինագծերի փաթեթը
նույնպես քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Նախաձեռնության հեղինակն է պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխությունների արդյունքում ամրագրվել են մի շարք անձանց կողմից շահումով խաղերին կամ վիճակախաղերին մասնակցության նոր
սահմանափակումներ:
Օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




