Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի ներկայացմամբ հաշվետու տարում «Դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում» ծրագրի շրջանակում 2025 թվականի տարեսկզբին պետական բյուջեից հատկացվել է 17 մլրդ 154 մլն 123 հազար դրամ: Տարվա ընթացքում Կառավարության համապատասխան որոշումներով հատկացվել է եւս 496 մլն 540 հազար դրամ: Ընդհանուր առմամբ կատարողականը կազմել է 99,8 տոկոս: Տարեվերջին պետական բյուջե է վերադարձվել շուրջ 29,3 միլիոն դրամ:
Հաշվետու տարվա պետական բյուջեով Պետական վերահսկողական ծառայության ճշտված պլանը, ըստ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռոբերտ Բազիկյանի, կազմել է 999,6 մլն դրամ, ծախսերը կազմել են 994,6 մլն դրամ՝ ապահովելով 99,5 տոկոս կատարողական:
Արդարադատության նախարարությանը 2025 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 24,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99 տոկոս: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ կապիտալ բնույթի ծախսերը կազմել են 1,3 մլրդ դրամ: Հատկացված գումարի շրջանակում նախարարությունն իրականացրել է 7 ծրագիր, 30 միջոցառում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսերի («Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում եւ տեղեկատվության տրամադրում» միջոցառում) համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է եղել 473 միլիոն 127 հազար 800 դրամ: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ «Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում» ծրագրով հատկացվել է 19 մլն 617 հազար դրամ: ԿԸՀ-ի շենքային պայմանների բարելավման համար հատկացված 463 մլն դրամից փաստացի ծախսվել է ընդամենը 22,2 մլն դրամ՝ նախագծանախահաշվային աշխատանքների նպատակով: Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ գլխավոր մասնաշենքի կապիտալ վերանորոգման համար հատկացված գումարը փոխանցվել է 2027-2028 թվականների ԿԸՀ բյուջեի նախագիծ:
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 1 հիմնական ծրագիր եւ 6 միջոցառում: «Քննչական կոմիտեի ծառայություններ» ծրագրի համար հատկացվել է 18,9 միլիարդ դրամ: Հաշվետու տարում Կառավարության համապատասխան որոշումներով կոմիտեին հատկացվել է եւս 1,7 մլրդ դրամ:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի գծով 2025 թվականի ճշտված բյուջեն կազմել է 3 մլրդ 464 մլն դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 3 մլրդ 388 մլն դրամ: Ապահովվել է ծրագրային ցուցանիշի 97,8 տոկոս կատարողական: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի խոսքով նախորդ տարվա համեմատ կոմիտեի ծախսերն աճել են 270 միլիոն դրամով կամ 8,7 տոկոսով: Աճը հիմնականում պայմանավորված է եղել հաստիքների համալրմամբ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը նշել է, որ 2025 թվականի ճշտված բյուջեն կազմել է 423,5 մլն դրամ: Փաստացի ծախսը կազմել է 420,3 մլն դրամ՝ ապահովելով մոտավորապես 99,3 տոկոս կատարողական: Ծախսված միջոցների հիմնական մասը՝ 417,4 մլն ՀՀ դրամը, ուղղվել է «Կոռուպցիայի կանխարգելում եւ բարեվարքության համակարգի զարգացում» միջոցառմանը: Մնացած 2,9 մլն դրամը հատկացվել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող կրթական եւ հանրային իրազեկման ծրագրերի մշակմանը:
Հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել են նաեւ Սահմանադրական դատարանի եւ ՀՀ դատախազության 2025 թվականի բյուջեի կատարողականները:
Պետական մարմինների եւ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին:




