Խորհրդարանում քննարկվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես են եկել Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահները:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նշել է, որ քննարկվող հաշվետվությունը փաստացի ամփոփում է Կառավարության գործունեության մի ամբողջ շրջափուլ:
«Այսօր մենք ոչ միայն գնահատում ենք կատարված ծրագրերը, այլեւ պատասխանում ենք քաղաքական ամենակարեւոր հարցին՝ արդյոք իրականացվե՞լ է այն ռազմավարական փոփոխությունը, որի համար քաղաքացին մեզ վստահել է պատասխանատվություն»,- նշել է նա: Ծովինար Վարդանյանը հավելել է, որ 2025 թվականն այս իմաստով եղել է շրջադարձային, քանի որ 2021 թվականին քաղաքացիներին ներկայացված հավակնոտ եւ երբեմն անիրատեսական թվացող ծրագիրն աննկուն եւ հետեւողական աշխատանքի արդյունքում արձանագրել է իր առաջին եւ խոշոր արդյունքները՝ նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն «TRIPP ուղի» նախագծի վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ բյուջեի կատարողականի ցուցանիշներին:
Ամփոփելով ելույթը՝ նա նշել է, որ 2025 թվականը Հայաստանի համար եղել է մարտահրավերների հաղթահարման եւ նոր հնարավորությունների իրացման տարի: «Մեր երկիրը կարողացել է պահպանել մակրոտնտեսական եւ հակաբյուջետային կայունությունը, ապահովել բարձր տնտեսական ակտիվություն, ընդլայնել տնտեսական ներուժը»,- ասել է Ծովինար Վարդանյանը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձանագրել է, որ ներքին կայուն ու խաղաղ վիճակը խոսում է այն մասին, որ 2025 թվականի բյուջեի կատարողականում անվտանգության մարմինների համար նախատեսված ծախսերը ճիշտ են իրացվել: Նշվել է, որ այդ ծախսերի շրջանակում կատարված բարեփոխումները, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության պարագայում, արձանագրվել են նաեւ միջազգային կառույցների ուսումնասիրություններում:
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ուժային բոլոր կառույցների հաշվետվությունները: Նա փաստել է, որ պաշտպանության եւ անվտանգության ոլորտի բոլոր ծրագրերը կարելի է հաջողված համարել: «Հաջորդ բյուջետային տարում մենք պետք է անշեղորեն մտածենք ավելի առաջ գնալու մասին»,- եզրափակել է հանձնաժողովի նախագահը:
Նշենք, որ հարցի քննարկմանը չեն մասնակցել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները:




