Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում մի շարք նախագծեր քննարկել է երկրորդ ընթերցմամբ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը , որով առաջարկվում է հանրապետությունում շարունակել համայնքների միավորման գործընթացը երեք մարզերում:
Փոփոխությունների արդյունքում Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում կձեւավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ:
Գլխադասային՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծի ընդունման նպատակն է որոշակիացնել մաքսային ստուգումների իրականացման գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով չկարգավորված հարաբերությունները, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, վերանայել պատասխանատվության նորմերը մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների մասով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշակի տեխնիկական փոփոխություններ: Մաքսային ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի ու ձեւերի սահմանման իրավասությունը կվերապահվի Պետական եկամուտների կոմիտեին:
Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում
քննարկված նախագծերը,
այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշումը:
Երկրորդ ընթերցմամբ նաեւ քննարկվել է Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի տեղեկացմամբ նախաձեռնությամբ հնարավորություն է սահմանվում տնային կալանքում գտնվող անձանց հեռավար եղանակով իրացնել իրենց կրթության իրավունքը:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ստացվել, նախագիծը չի փոփոխվել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը կատարելագործելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարում Քրեական եւ Քրեակատարողական օրենսգրքերում:
Ըստ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը: Նա բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քրեական դատավարության եւ Դատական օրենսգրքերում նոր կարգավորումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը միտված է քրեական դատավարության ժամկետների սահմանափակմանը եւ ողջամիտ ժամկետներում գործերի քննությանն ու անձանց իրավունքների պաշտպանությանը:
Փոփոխությունները՝ այստեղ:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարվել են որոշ փոփոխություններ: Վերանայվել են դատավարական ժամկետները, ապահովվել են դրանց հաշվարկման միասնական չափանիշների հիման վրա կարգավորումներ եւ այլն:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը հայտնել է, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծով հստակեցվում է քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառման շրջանակը՝ նախատեսելով բացառություններ պետական գաղտնիք պարունակող վարույթների համար: Սրբուհի Գալյանի տեղեկացմամբ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ընթացքում պատգամավորի ներկայացրած առաջարկների հիման վրա նախաձեռնությունը լրամշակվել է:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ հարակից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախաձեռնությամբ լավարկվում են մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ձեռնարկված բարեփոխումները:
Զեկուցողը նշել է, որ առաջին ընթերցումից հետո փաթեթում փոփոխություններ չեն եղել:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաեւ ներկայացրել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել:
Նախաձեռնությունը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում եւ հավանության արժանացել: Այս մասին ասել է հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխել վարորդական իրավունքից զրկվելու դեպքում այն վերականգնելու կանոնակարգերը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ հայտնել է հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը:
««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Զեկուցողն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել է մեկ առաջարկ, որն ընդունվել է:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քննարկվել է «ՀՀ սնանկության օրենսգիրք» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը լրամշակվել է:
Հիմնական կարգավորումերը՝ այստեղ:
Նախաձեռնության վերաբերյալ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը:
««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են մի շարք տեխնիկական եւ բովանդակային բնույթի փոփոխություններ: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:




