Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման գործողությունների ծրագրից, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի Հայաստանի 5-րդ փուլի գնահատման եւ ԳՐԵԿՈ-ի՝ Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցներով ստանձնած հանձնառություններից:
ՀՀ ԱԺ հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի ներկայացմամբ մասնավորապես առաջարկվում է ընդլայնել ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակը՝ դրանում ներառելով նաեւ 50 եւ ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները: «Ազդարարում» հասկացության մեջ առաջարկվում է ընդգրկել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաեւ նախատեսել, որ ներքին ազդարարման իրավասու մարմինների կողմից պետք է ստեղծվեն համապատասխան ուղիներ եւ ընթացակարգեր՝ ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումն ու հաղորդումների օբյեկտիվ եւ պատշաճ քննությունը: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ազդարարման համակարգի արդյունավետությունը, ապահովել դրա ինստիտուցիոնալ ու գործնական կատարելագործումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը:
Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը՝ առաջարկելով կողմ քվեարկել:




