Ներկայումս առկա չէ տոհմային անասնաբուծության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտ, որն օրենսդրական մակարդակով կկարգավորի քաղաքականության մշակման համար նախատեսվող պահանջները, պետական աջակցության թիրախային ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, ինչպես նաեւ տոհմային տնտեսություն վարելու օրենսդրական հիմքերը: Նշված իրավական բացի հետեւանքով շատ հաճախ դժվարություններ են ստեղծվում տոհմային անասնաբուծության ոլորտում Կառավարության լիազորած մարմնի համար՝ իրականացնելու իր լիազորությունները: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ զեկուցելով ««Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի խոսքով առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը շարադրել նոր խմբագրմամբ եւ նախատեսել «տոհմային կենդանիների պետական ռեեստր» եւ «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունների, տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունների ու պարտականությունների սահմանում, ինչպես նաեւ տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի, տոհմային տնտեսություններին ներկայացվող պահանջների, տնտեսություններին տոհմային կարգավիճակի վկայականի ձեւի եւ տրման կարգի հաստատման համար տոհմային անասնաբուծության ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրական հիմքեր:
«Նախագծի կիրառման արդյունքում կկարգավորվեն տոհմային անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման հիմքերը, ինչպես նաեւ կհստակեցվեն տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները եւ գործունեության սկզբունքները, մասնավորապես՝ տոհմային կենդանիների պետական գրանցման ու ռեեստրի միջոցով, իսկ տոհմային տնտեսություններին կարգավիճակ շնորհելով Կառավարության լիազորած մարմնի համար կստեղծի տվյալահեն քաղաքականության մշակման համար նպաստավոր հիմքեր: Նշված իրավակարագավորումը հնարավորություն կընձեռի ոչ միայն բարձրացնել տոհմային անասնաբուծության գործունեության արդյունավետությունը, այլեւ ապահովել դրա օրինականությունը»,- հավելել է Էկոնոմիկայի փոխնախարարը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Նախագծի շուրջ առաջարկներն ու դիտարկումները հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:




