Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է քաղաքացիների համար ապահովել առավել հասանելի հաղորդակցություն Ազգային ժողովի պատգամավորների հետ: Գործող կարգավորումներով սահմանված է, որ պատգամավորները պարտավոր են իրականացնել քաղաքացիների ընդունելություն, սակայն այդ գործընթացը ներկայում կազմակերպվում է ֆիզիկական ներկայության ձեւաչափով: Ընդունելություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների թիվը տարեցտարի ավելանում է. մասնավորապես՝ 2024 թվականին Ազգային ժողով է այցելել 840 քաղաքացի, իսկ 2025 թվականին այդ ցուցանիշը գերազանցել է 1140-ը: Այս մասին ասել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
ՀՀ ԱԺ հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ նախագծի հեղինակի՝ այն քաղաքացիները, որոնք ունեն տեղաշարժման դժվարություններ, օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում օգտվել այս հնարավորությունից: Քաղաքացիների հնչեցրած առաջարկների հիման վրա է մշակվել քննարկվող նախագիծը, որի նպատակն է պատգամավորի պարտավորություններում ամրագրել հետեւյալը. եթե քաղաքացին ունի տեղաշարժման խնդիրներ, ապա նրա ցանկությամբ ընդունելությունը կարող է կազմակերպվել նաեւ տեսակապի միջոցով:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ նախագծի ընդունումը դրական առաջընթաց կապահովի պատգամավոր-քաղաքացի հաղորդակցման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Կառավարության կողմից առաջարկվել է նախագծից բխող լրացումներ կատարել նաեւ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում, ինչն ընդունվել է հեղինակի կողմից: Արդյունքում՝ նախատեսված կարգավորումները չեն պարտադրում բացառապես առցանց ընդունելություն կազմակերպել, այլ ապահովում են ճկուն մոտեցում՝ անհրաժեշտության դեպքում ընտրության իրավունքը թողնելով քաղաքացու եւ պատգամավորի համաձայնությանը:
Օրվա վերջին նիստում Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




