Հունիսի 17-ին արտահերթ նիստեր են հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովները: Քննարկվել են երկրորդ ընթերցման ներկայացված օրենքների նախագծերը:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկվող օրենսդրական փաթեթը:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել է առաջարկ, որն ընդունվել է:
Հանձնաժողովներում քննարկված օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն:




