«Սոցիալական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2024 թվականին: Դրանով սոցիալական աջակցության ոլորտում ստեղծվել են նոր կարգավորումներ ու մոտեցումներ, սակայն օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման ընթացքում, ինչպես նաեւ օրենքի պրակտիկ կիրառման արդյունքում ծագել են որոշակի խնդիրներ, որոնցով պայմանավորված էլ անհրաժեշտություն է առաջացել մշակելու օրենսդրական փաթեթը: Այս մասին հունիսի 17-ին տեղի ունեցած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով «Սոցիալական աջակցության մասին» եւ հարակից օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ կարգավորումների՝ կհստակեցվեն «անօթեւան», «կենցաղավարման օգնություն» հասկացությունները, կսահմանվի նոր ծառայություն՝ անկախ կյանքի ծառայություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Երկրորդ մեծ փոփոխությունը, ըստ փոխնախարարի, վերաբերվում է սոցիալական սպասարկողներին:
«Այս պահին մենք ունենք սոցիալական աշխատողներ, սոցիալական սատարողներ, բայց նաեւ ունենք դայակներ, որոնք հաստատություններում եւ դրանից դուրս խնամք են իրականացնում: Այդ աշխատանքը կատարող մասնագետներին անվանել ենք սոցիալական սպասարկող եւ սահմանել այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն վերջիններս»,- պարզաբանել է Լուսինե Քոչարյանը:
Հստակեցվել է սոցիալական աջակցության տրամադրման կարգն այն իրավիճակների համար, երբ արձագանքը հրատապ է եւ հայտնի չէ՝ անձը ՀՀ քաղաքացիություն, բնակության իրավունք կամ ՀՀ-ում գտնվելու այլ իրավունք ունի, թե ոչ: Նման արտակարգ իրավիճակներում հրատապ արձագանքելու հնարավորությունը կսահմանվի Կառավարության որոշմամբ:
Օրենսդրական փաթեթով ամբողջությամբ փոփոխվել է նաեւ խնամքի հոդվածը:
Անդրադառնալով ընտանիքի անապահովության գնահատման կամ այդ մասին ամբողջ տեղեկատվության մշակման ձեւերին՝ Լուսինե Քոչարյանը հայտնել է, որ գործընթացն այսուհետ հնարավոր կլինի իրականացնել թվային հարթակով:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:




