Նախաձեռնության նպատակն է լրացնել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում առկա իրավական բացը՝ ամրագրելով Կառավարության լիազորությունը՝ արգելելու առանձին պեստիցիդների կամ ագրոքիմիկատների շրջանառությունը եւ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում: Գործող իրավակարգավորումները չեն նախատեսում նման լիազորություն, ինչի արդյունքում պետությունը զրկված է օպերատիվ արձագանքման հնարավորությունից այն դեպքերում, երբ առկա են գիտականորեն հիմնավորված տվյալներ պեստիցիդների վտանգավորության վերաբերյալ: Այս մասին ասել է պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Հեղինակի խոսքով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների շրջանառության արգելումը պայմանավորված է միջազգային պարտավորություններով, մասնավորապես՝ Ռոտերդամի կոնվենցիայի շրջանակում սահմանված կարգավորումներով:
Նշվել է, որ մի շարք պեստիցիդներ, որոնք արդեն արգելված կամ խիստ սահմանափակված են զարգացած երկրներում, շարունակում են կիրառվել Հայաստանում: Զեկուցողը նշել է, որ օրինակ՝ քլորպիրիֆոսը Հայաստանի Հանրապետությունում լայնորեն կիրառվող ինսեկտիցիդ է, որն արգելված է բազմաթիվ երկրներում: «Գիտականորեն ապացուցված է, որ տվյալ նյութը հանգեցնում է նյարդաբանական զարգացման խանգարումների, հատկապես երեխաների շրջանում: Այն արգելված է Եվրոպայի բոլոր երկրներում, Արգենտինայում, Կանադայում, Վիետնամում: Մեր երկիր այն ներկրվում է հիմնականում Չինաստանից»,- ընդգծել է Ալեքսանդր Ավետիսյանը եւ հավելել, որ Չինաստանն անգամ իր երկրի տարածքում սահմանափակել է տվյալ պեստիցիդի կիրառումը:
«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորմամբ ագրոքիմիկատների պետական գրանցման համար պահանջվում է ներկայացնել աշխատանքային գոտում օդում ագրոքիմիկատի թույլատրելի սահմանային կոնցենտրացիայի վերաբերյալ տվյալներ, սակայն նման ցուցանիշներն ագրոքիմիկատների գերակշիռ մեծամասնության համար կամ չեն սահմանվում, կամ չեն կիրառվում՝ հաշվի առնելով դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները: Նման ցուցանիշները բնորոշ են հիմնականում թունավոր եւ արագ գոլորշիացող քիմիական նյութերին:
Պատգամավորի տեղեկացմամբ միջազգային պրակտիկայում ագրոքիմիկատների մասով նման տվյալների ներկայացումը պարտադիր պահանջ չէ: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տվյալ պահանջը դարձնել կիրառելի միայն այն դեպքերում, երբ արտադրողի մոտ առկա են համապատասխան հետազոտություններ կամ մեթոդաբանություն:
Նախաձեռնությունը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն:




