National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.3.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
14.03.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը


Մարտի 14-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նսիտերը:

ԱԺ պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Արմեն Աշոտյանի եւ Կարեն Ավագյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ օրինագիծը լրամշակելիս հաշվի են առնվել կառավարության եւ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության առաջարկներն ու դիտողությունները: Նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքում ՀՀ դրոշը այլ դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում ՀՀ դրոշը բարձրացնել տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա ՀՀ դրոշը պետք է բարձրացվի մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով դրոշներ, ապա ՀՀ դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը:
 
Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը, Գագիկ Մինասյանի գլխավորությամբ, քննարկեց մեկ օրինագիծ եւ մեկ միջազգային համաձայնագիր: Երկու փաստաթղթերն էլ ստացան դրական եզրակացություն եւ կառաջարկվեն ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:  
 
«Հայաստանի Հանրապետության եւ յուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի ֆինանսավորման համաձայնագրով», ինչպես ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը,  նախատեսվում է  գյուղական ենթակառուցվածքների վերականգման, վենչուրային հիմնադրամների ստեղծման նպատակով Հայաստանին վարկ տրամադրել:  Ծրագրի ընդհանուր արժեքը 32 մլն. դոլար է, որից կես միլիոն դոլարը դրամաշնորհ է: 10 մլն դոլարը ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի փոխառությունն է, եւ 5 մլ. դոլար էլ` պետական ներդրումը: Հանձնաժողովի նախագահ ագիկ Մինասյանի գնահատմամբ, ծրագիրը լուրջ է եւ կնպաստի հեռավոր մարզերի գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելուն:

Հաջորդ հարցը` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» եւ «Բանկային, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը` առաջարկելով այն գնահատել երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Առաջին ընթերցումից հետո ստացվել են տեխնիկական բնույթի առաջարկներ` արդարադատության նախարարությունից:  

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արմեն Ռուստամյանի  նախագահությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ներկայացրեց 2005 թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան: Նշվեց, որ կոնվենցիան նախատեսում է միջոցառումների համալիր ծրագիր, որը ներառում է օրենսդրության կատարելագործում, կանխարգելիչ եւ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխաների պաշտպանության եւ գենդերային հավասարության խնդիրներին:

2005 թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (կից հայտարարություններով) հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նրա խոսքով, կոնվենցիան միասնական ձեւով կարգավորում է  ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման նկատմամբ հսկողությանն  ու կանխարգելմանն առնչվող հարցերը: 

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց 1928 թ. նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված «Միջազգային ցուցահանդեսների մասին» կոնվենցիան (լրացված 1948 թվականի մայիսի 10-ի, 1966 թվականի նոյեմբերի 16-ի, 1972 թվականի նոյեմբերի 30-ի արձանագրություններով եւ փոփոխված 1982 թվականի հունիսի 24-ի եւ 1988 թվականի մայիսի 31-ի արձանագրություններով): Կոնվենցիան կիրառվում է բոլոր միջազգային ցուցահանդեսներում, բացառությամբ 3 շաբաթից քիչ տեւողությամբ, բարձրաշխարհիկ արվեստի եւ առեւտրային բնույթի ցուցահանդեսների:

2007 թ. մայիսի 25-ին Յալթայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մասնագետների մասնագիտական վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքով` համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա մասնագետներին թարմացնել գիտելիքները եւ վերազինվել մասնագիտական նորույթներով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը հանձնաժողովին ներկայացրեց 2008 թ. հունվարի 8-ին ստորագրված` ՀՀ եւ յուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը» (Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին): ՇՀՖ ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Հայաստանի գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն. ԱՄՆ դոլար: ԶՄՀ-ի փոխառությունը կկազմի 11.9 մլն ԱՄՆ դոլար:

Քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ  կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի որոշմամբ հետաձգվեց մինչեւ 30 օրով` հեղինակի բացակայության պատճառով:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ, քննարկվեցին «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է այն անձը, ում անվամբ հաշվառված է տրանսպորտային միջոցը:Վերոհիշյալ նորմի գործողությամբ, նախքան տրանսպորտային միջոցի տիրոջը վարչական պատասխանատվության ենթարկելը, ճանապարհային ոստիկանությունը հարկադրված չի լինելու պարզել իրական իրավախախտի տվյալները: Իրական իրավախախտին պարզելու համար անխուսափելի էին դառնում տրանսպորտային միջոցի կանգնեցումը, վարորդի տվյալների պարզմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտության դեպքում նրան բերման ենթարկելը: Ակնհայտ է, որ հիշյալ վարչադատավարական գործողությունները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում, ինչը չի համապատասխանում երթեւեկության անվտանգության ապահովման բնագառում իրականացվող բարեփոխումների տրամաբանությանը:

Գործող դրույթի ուժով   իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելը ապացուցելու պարտականությունը  թողնվել է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ այն անձին, ում անվամբ տրանսպորտային միջոցը  հաշվառված է, ինչն էապես նվազեցնում է վարորդ-ճանապարհային ոստիկան շփումների պարբերականությունը:

Ներկայացնելով «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  նախագծերի փաթեթը` պարոն Մահտեսյանը տեղեկացրեց, որ  պայթուցիկ նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, դրանից բխող մի քանի բարդ ընթացակարգերով եւ դեռեւս Խորհրդային շրջանից մնացած մի քանի հրահանգչական ակտերով: Հաշվի առնելով հասարակության եւ պետության համար այդ ոլորտի խիստ վտանգավորությունը` մշակվել է օրինագիծ, որը կարգավորում է ՀՀ տարածքում արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքերի շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները. մասնավորապես` թունավոր կամ պայթուցիկ նյութերի վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու եւ տեղափոխելու, պահելու, արտադրության, առեւտրի, հաշվառման, օգտագործման եւ ոչնչացման հետ կապված իրավահարաբերությունները:

«Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, պայմանավորված է «Զենքի մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքների միջեւ հակասության վերացմամբ եւ քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման լիարժեք ապահովմամբ, քանի որ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն քրեակատարողական հիմնարկներում գործադրվում է մարտական կամ ծառայողական զենք՝  քրեակատարողական ծառայողների կյանքին կամ առողջությանը uպառնացող հարձակումները հետ մղելիu, քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, տրանuպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը խափանելիu, պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները եւ տրանuպորտային միջոցներն ազատելիu, քրեակատարողական հիմնարկներից կամ փոխ ադրման ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց փախուuտի փորձը կանխելիu, քրեակատարողական հիմնարկում պահվող անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիu եւ այլ անհրաժեշտ դեպքերում, իսկ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն մարտական զենք կարող են օգտագործել միայն ՀՀ պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինները, քաղաքացիական պաշտպանության զինված uտորաբաժանումները եւ պետական uուրհանդակային ծառայությունը:

«Զենքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թվականին, երբ քրեակատարողական ծառայությունը դեռեւս գործում էր ներքին գործերի նախարարության կազմում: Ներկայումս քրեակատարողական ծառայությունը վերոհիշյալ խնդիրներն իրականացնում է ՀՀ ոստիկանությունից իրեն հանձնված մարտական զենքով: Օրենքի ընդունմամբ քրեակատարողական ծառայության կողմից զենքի հետ կապված գործառույթները եւ խնդիրներն առավել դյուրին եւ իրավաբանորեն կիրականացվեն:

«Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է օրենքով կարգավորել ռազմական ոստիկանության ծառայողի կողմից անհատական պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները։

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Քննարկված բոլոր նախագծերն էլ դրական եզրակացություն ստացան` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Վարդան Այվազյանի նախագահությամբ, քննարկեց 6 օրենքի նախագծեր`  առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու նպատակով:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց «Ֆիրմային անվանումների մասին» օրինագիծը, որը նպատակ ունի պարզեցնել ֆիրմային անվանումների գրանցման ընթացակարգը,  վերացնել ֆիրմային անվանումների գրանցումները մերժելու` գործող պրակտիկայում չարդարացված հիմքերը` դրանով իսկ վերացնելով իրավաբանական անձանց գրանցմանը խոչընդոտող որոշ հանգամանքներ, ինչը բարերար ազդեցություն կունենա բիզնես միջավայրի եւ ներդրումային դաշտի վրա։

«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, ըստ պարոն Երիցյանի, առաջին հերթին նպատակ ունի կատարելագործելու գյուտերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին պահպանություն տրամադրելու իրավական դաշտը, ինչը հնարավորություն կտա նշված օբյեկտների իրավական պահպանությունը դարձնել  արդյունավետ եւ հուսալի, պարզեցնել այդ օբյեկտներին պահպանություն տրամադրելու ընթացակարգերը: Նախագծի մշակումը նպատակ ունի նաեւ մտավոր սեփականության բնագավառի ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության համապատասխան դիրեկտիվների պահանջներին` հատկապես  մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հարցերում:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում  լրացում  կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ըստ  ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման մեջ ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սահմանված են պարտադրող դրույթներ, որը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Նախագծով նախատեսվում է ներմուծվող ապրանքների դրոշմավորմանը վերաբերող պարտադրող պահանջները ամրագրել օրենքով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրինագիծը, տեղեկացրեց, որ մեր երկրում գրեթե չկան խաղողագործության եւ գինեգործության ենթաօրենսդրական կամ միջգերատեսչական նորմատիվ ակտեր: Խորհրդային Միության ժամանակահատվածում ընդունված ակտերը կամ չեն գործում, կամ շուկայական տնտեսության եւ նոր իրավահարաբերությունների պայմաններում կիրառելի չեն: Այսպես՝ Հայաստանում ներկայումս գործում է խաղողի հումքով ոգելից խմիչքների խորհրդային ժամանակաշրջանում ընդունված դասակարգումը, որն էապես տարբերվում է դասակարգման միջազգային եւ եվրոպական ստանդարտներից: Նույնը վերաբերում է նաեւ դրանց արտադրության  գինեգործական մեթոդներին ու մշակումների կանոններին:

Հաշվի առնելով, որ հանրապետության համար տվյալ ոլորտները համարվում են գերակա ուղղություններ,  դրանք ունեն զարգացման եւ ծավալային աճի մեծ հնարավորություններ, թողարկվող արտադրատեսակները հիմնականում արտահանվում են՝ ՀՀ նշված օրենքի նախագծի ընդունումը նպատակաուղղված է հանրապետությունում խաղողագործության եւ խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության, վերամշակման, մակնշման եւ տեխնոլոգիական հիմունքների օրենսդրական կարգավորմանը եւ միջազգային  չափանիշներին համապատասխանեցմանը: Դա հնարավորություն կտա հանրապետության այդ ոլորտներում զբաղված տնտեսավարող սուբյեկտներին ինտեգրվելու միջազգային շուկային եւ հաղթահարելու արտադրատեսակների արտահանման առկա խոչընդոտները:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծում, ըստ պարոն Լոքյանի,  ներառված են կենդանիների վաճառքին ներկայացվող այն հիմնական պահանջները, որոնք սահմանված են Եվրամիության դիրեկտիվում, ինչը կարգավորում է Եվրամիության երկրներում կենդանիների վաճառքի հետ կապված իրավահարաբերությունները եւ երաշխավորվում է դրանց կիրառումը Եվրախորհրդի երկրներում:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքում ներառել իրավական ակտերի ու պայմանագրերի փորձաքննության վերաբերյալ նոր հոդված, որը որպես գործառույթ նշված է Հանձնաժողովի լիազորություններում, սակայն օրենքում բացակայում է այդ դրույթի իրագործման մեխանիզմը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծերին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ 30 օրով հետաձգեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղետի գոտու վերականգնման 1989-2007 թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», մինչեւ 60 օրով հետաձգեց «յուղատնտեսական համատարած հաշվառման մասին», «Ծխախոտի արտադրանքի հարկման մասին», «ՀՀ հարկային օրենսգիրք», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:



14.03.2008
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Ազգային ժողովում
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահն ափսոսանք հայտնեց, որ նախորդ հանդիպումների ավանդույթով` չեն քննարկվելու մարդո...

14.03.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 14-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ    մարտի 17-20 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:Չորրորդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am