Տպել
14.03.2008
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Ազգային ժողովում


Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահն ափսոսանք հայտնեց, որ նախորդ հանդիպումների ավանդույթով` չեն քննարկվելու մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ձեռքբերումները, այլ` Հայաստանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները: Պարոն Թորոսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անձամբ ժամանել է Հայաստան` տեղում ծանոթանալու իրավիճակին, քանի որ տարբեր գործակալություններ իրականությունը ներկայացնում են բոլորովին այլ ձեւով: Աժ նախագահը նշեց, որ ստեղծված իրավիճակում կատարվել են քայլեր, որոնք լիովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Նշվեց նաեւ, որ արդեն արտակարգ իրավիճակի սահմանափակումները մեղմացվել են` ՀՀ նախագահը փոփոխություններ է կատարել երեք կետերում: Սահմանափակումները մեկ նպատակ ունեն միայն` կայունացնել իրավիճակը եւ բացառել հասարակության մեջ նման բացասական երեւույթների կրկնությունը: Անդրադառնալով այս օրերին հնչած տարբեր օտարերկրյա հայտարարություններին` Աժ նախագահը դրանք ոչ համարժեք գնահատեց. մասնավորապես երբ ասվում է, որ պետք է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին եւ երկխոսություն սկսել ընդդիմության հետ` նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր համախոհներին, քանի որ նախ պետք է ձերբակալել նրանց, ովքեր հանցագործություն են կատարել կամ` անկախ կուսակցական պատկանելությունից, ապա` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները միակ ընդդիմադիր ուժը չեն, Հայաստանում մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժեր կան, որոնց հետ արդեն կայացվել են քաղաքական պայմանավորվածություններ: Իսկ նրանց հետ, ովքեր չեն ընդունում ոչ միջազգային դիտորդների կարծիքը, ոչ Սահմանադրական դատարանի վճիռը, ովքեր մերժում են ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, երկխոսության կոչը ձեւական է դառնում:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, որ Հայաստանում էր 2007-ի հոկտեմբերին, նշեց, որ արդեն նախապատրաստվել եւ ՀՀ կառավարությանը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցը եւ վերջին իրադարձությունների վերաբերյալ առաջացած հարցերի պարզաբանման նպատակով է վերստին ժամանել Հայաստան: Նա համաձայնեց Աժ նախագահի հետ, որ միջազգային կառույցներն իրենց գնահատականներում պետք է հնարավորինս զգույշ լինեն` իրավիճակը չսրելու համար: Նրա գնահատականով` Հայաստանում հասարակությունը բեւեռացված է եւ մարդիկ շատ զգացմունքային են արձագանքում քաղաքական իրադարձություններին: Պարոն Համարբերգը կարեւորեց զանգվածային լրատվամիջոցների սահմանափակումների վերացումը եւ լիարժեք վստահության մթնոլորտի ստեղծումը: Նրա կարծիքով` հարկ կա վերանայել ԶԼՄ-ների մասին օրենքը արտակարգ դրության պայմաններում աշխատելու առումով:
Ի պատասխան ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը դեռ չունի արտակարգ դրության մասին օրենք, որի ստեղծման վրա պետք է լրջորեն աշխատել, իսկ ԶԼՄ-ների մասին օրենքը ընդունվել է միջազգային փորձագետների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում` արժանանալով նրանց հավանությանը: Աժ նախագահը նաեւ նշեց, որ, ցավոք, ԶԼՄ-ների նկատմամբ մինչեւ արտակարգ դրությունն էլ առանձնապես մեծ վստահություն չկար, ուղղակի, անցումային շրջանում գտնվող այլ երկրների պես, Հայաստանում էլ լիարժեք կայացած չեն քաղաքացիական հասարակության ինստիտուտները, քաղաքական մշակույթի պակաս կա:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ համապարփակ հետաքննություն անցկացնելու հարցը, որ պարոն Համարբերգի գնահատմամբ` միջազգային պրակտիկայում ընդունված միջոց է եւ անհրաժեշտ է` պարզելու այն հանգամանքների իրական մեղավորներին, որոնց պատճառով 8 մարդ է զոհվել, անաչառ այդ հետաքննությունը լույս կսփռի կատարվածի վրա եւ վստահություն կներշնչի մարդկանց մեջ: ՀՀ դատախազությունում գործերի քննությունը նպատակ ունի պարզել կոնկրետ մարդու մեղավորությունը, իսկ անկախ մարմնի հետաքննությունը հստակ առաջարկություններ կներկայացնի` հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար: Պարոն Համարբերգը նաեւ գտնում է, որ պետք է մշակվեն կոնկրետ ընթացակարգեր, մասնավորապես` հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ձեռնարկելիք քայլերի վերաբերյալ, որպեսզի դրանք օրինականության սահմաններից դուրս չլինեն:
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը համաձայնեց, որ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն կա, եւ գուցե որոշ ժամանակ անց, երբ կրքերը հանդարտվեն, իրավիճակը կայունանա, նման խումբ կարող է ստեղծվել, որովհետեւ խորքային խնդիրների չբացահայտումը նորից խնդիրներ կհարուցի: Այդպիսի խումբ կարող է ստեղծել նաեւ խորհրդարանում: Ոստիկանության գործողությունների առնչությամբ նշվեց, որ 88-ից Հայաստանում բազմամարդ հարյուրավոր հանրահավաքներ են եղել, բայց ոչ մեկը նման ավարտ չի ունեցել եւ չի բացառվում, որ որոշ ոստիկաններ անթերի չեն գործել: Բայց նռնակներով, պայթուցիկներով, հրազենով ու մետաղյա ձողերով զինված ջարդարարները չեն կարող ցուցարարներ կոչվել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու փաստին. պարոն Համարբերգի խնդրանքով Աժ նախագահը նրան իրազեկեց օրենսդրության եւ Ազգային ժողովի ընդունած որոշման մանրմասների մասին:  
 

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը խորհրդարանում հանդիպումներ ունեցավ նաեւ ԱԺ խմբակցությունների հետ, որոնց ներկա էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը  հանդիպեց «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանի, Վարդան Խաչատրյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի հետ:

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը տեղեկացրեց, որ Հայաստանում են ուսումնասիրելու համար մարդու իրավունքների պաշտպանությունը արտակարգ դրության պայմաններում: Ըստ պարոն Համարբերգի ուսումնասիրության, այսօր Հայաստանում հասարակությունը բեւեռացված է, եւ անհրաժեշտ է գտնել ուղիներ, որոնք կկամրջեն հասարակության բոլոր մասերը միմյանց: Պարոն Համարբերգն անհրաժեշտություն  համարեց երկիրն արտակարգ դրության վիճակից դուրսբերումը, որին կնպաստի նաեւ անկախ միջազգային հետաքննության անցկացումը: 

Խմբակցության անդամներն անդրադարձան արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին եւ ներկայացրին իրենց տեսակետները: Նրանց գնահատականով` ներկա իրավիճակը երկարատեւ անարդարության մեջ ապրող մարդկանց ընդվզումն է, նշվեց, որ  պատիժ, քաղաքական հալածանք կիրառվում է բացառապես ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, ԶԼՄ-ներն իրադրությունը ներկայացնում են խեղաթյուրված, կատարվում են ապօրինի ձերբակալություններ, ապօրինի դատավարություններ, մարդիկ զրկվում են դատապաշտպան ունենալու հնարավորությունից: Իրազեկվեց նաեւ, որ «Ժառանգությունը» վարչական դատարան հայց է ներկայացրել արտակարգ դրության հայտարարման իրավաչափության քննության վերաբերյալ եւ Հայաստանում արդյունքի չհասնելու դեպքում մտադիր է հայց ներկայացնել Եվրոպական դատարան: 
Իրավիճակի բարելավման ճանապարհը «Ժառանգություն» խմբակցության համար հանրապետությունում հետընտրական իրավիճակի միջազգային անկախ հետաքննության անցկացումն է եւ իշխանության հետ երկխոսության ծավալումը` որոշակի պայմաններով:  

 ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությանը ընդունեցին «Օրինաց երկիր» խմբակցության  քարտուղար Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը: 

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի խնդրանքով ներկայացվեց խմբակցության մոտեցումները երկրում ստեղծված հետընտրական գործընթացների վերաբերյալ: Մհեր Շահգելդյանը նշեց, որ  քաղաքական գործընթացները պետք է զարգանան քաղաքակիրթ ճանապարհով, իսկ իրավական խնդիրները լուծվեն իրավական դաշտում, որը կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Անդրադառնալով երկրում հայտարարված արտակարգ դրությանը` նշվեց, որ այն մեղմացնելու քայլեր են արվում:

Թոմաս Համարբերգի դիտարկմանը, որ հասարակությունը բեւեռացված է եւ անհրաժեշտ է խորը եւ համապարփակ հետաքննություն անցկացնել հետընտրական զարգացումների շուրջ, խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը պատասխանեց, որ հասարակության շրջանում դժգոհությունը պայմանավորված է մարդկանց  սոցիալական վիճակով: Պարոն Շահգելդյանը գտնում է, որ հանրապետությունում անհրաժեշտ են իրական փոփոխություններ կոռուպցիայի դեմ պայքարում, սոցիալ-տնտեսական ոլորտում: Նա կարեւորում է նաեւ հետընտրական գործընթացների շուրջ իրավապահ մարմինների կողմից խորը եւ թափանցիկ հետաքննության անցկացումը:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՕԵԿ-ի եւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ երկխոսություն ընթանում է նոր կառավարության ձեւավորման վերաբերյալ, Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՀՀ վարչապետն առաջարկել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին մասնակցել երկրի կառավարմանը, իսկ կառավարության կազմի ձեւավորման շուրջ քննարկումներ դեռ չեն եղել: Ըստ ՕԵԿ անդամի` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով ներգրավվելով կոալիցիայի մեջ եւ ստանձնելով լուրջ պատասխանատվություն` իրենք գնալու են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով:  
  
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց ՀՅԴ խմբակցության անդամների հետ:  

 Պարոն Համարբերգը նշեց, որ իրենց եռօրյա առաքելության նպատակն է գնահատել նախագահական  ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված  ներքաղաքական իրավիճակը մարդու իրավունքների պաշտպանության  հիմնախնդիրների տեսանկյունից: Նշվեց, որ  իրենք  ցանկություն չունեն միջնորդական դերակատարություն ունենալ, երբ խոսքը վերաբերում է  քաղաքական տարաձայնություններին:   Նրա խոսքով` որոշ հանդիպումների ժամանակ  կարծիք է հայտնվել, որ ընդդիմությունը լիարժեք ներկայացված չէ խորհրդարանում, ուստի այն քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում չեն, ստիպված փողոց են դուրս եկել:

Մինչ անդրադառնալը հետընտրական զարգացումներին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը նշեց, որ 90-ական թթ., երբ ՀՅԴ ընդդիմություն էր, նույնպես հանրահավաքներ եւ ցույցեր էր կազմակերպում, եւ չնայած նրան, որ իրենք,  ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը, գործում էին օրենքի շրջանակներում եւ հանրահավաքներին ձողեր ու զենք չէին բաժանում, այն ժամանակվա իշխանությունները կուսակցության գործունեությունը կասեցրին, փակվեցին թերթեր, ձերբակալվեցին առաջնորդները` բանտերում մնալով 3-3,5 տարի: Նրա համոզմամբ  այսօրվա իրադարձությունների արմատները գալիս են հնուց: 

Պարոն Կարապետյանը նշեց, որ ընդդիմության լիարժեք գործունեությունը ապահովելու նպատակով ՀՅԴ  առաջարկությունների փաթեթով է հանդես եկել: Առաջարկվում է ընդդիմությանը քաղաքական դաշտում լիարժեք գործելու հնարավորություն ընձեռել, մասնավորապես ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմում ընդգրկել ընդդիմության ներկայացուցչի, ԱԺ հանձնաժողովների ղեկավար կազմում քվոտաներ տրամադրել ընդդիմությանը, օրենսդրորեն պաշտպանել ընդդիմության շահերը: Հետընտրական զարգացումներին անդրադառնալով, պարոն Կարապետյանը նշեց, որ ՀՅԴ մտադիր է հետեւել քրեական գործերի ընթացքին, որպեսզի որեւէ ձեւով քաղաքական հաշվեհարդարի խնդիր չառաջանա: Ալվարդ Պետրոսյանը նշեց, որ արմատական ընդդիմությունը` հանձին ՀՀՇ-ի, հնարավորություն ուներ դառնալ քաղաքակիրթ, խորհրդարանական ընդդիմություն, բայց չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Նրա համոզմամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքը ընդդիմադիր ամբողջ դաշտը աղճատելու մեջ է: Ռուզան Առաքելյանի համոզմամբ` արմատական ընդդիմության ղեկավարները հեռացել են պետական մտածողությունից, չնայած ժամանակին եղել են պետության ղեկավարներ: 
       
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը  խորհրդարանում հանդիպեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ:

ԵԽ հանձնակատարը ներկայացրեց, որ նախատեսվում է Հայաստանի հետընտրական  իրավիճակի վերաբերյալ առանձին զեկույց  պատրաստել: Խոսելով հանրապետության նախագահի հետ քննարկված` հանձնաժողով ստեղծելու եւ իրավիճակն ուսումնասիրելու նախաձեռնության մասին` պրն. Համարբերգը հետաքրքրվեց, թե միջազգային կառույցերն ինչպե՞ս կարող են օգնել այդ աշխատանքներին եւ, ընդհանրապես, մարդու իրավունքների բնագավառում առաջընթացին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ամդամները նշեցին, որ երկրում վստահության մթնոլորտը վերականգնելու հարցում  ակնալում են  եւ պատրաստ են ընդունել միջազգային կառույցների աջակցությունը: Խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հյուրերին  ներկայացրեց, որ մարտի 1-ի իրադարձություները վերջին երկու ամիսներին ատելություն եւ թշնամություն սերմանելու, քաղաքական համաձայնության իրենց կոչերն անտեսելու արդյունք են: Ավետ Ադոնցի բնորոշմամբ` այդ իրադարձություններին նպաստեց մի կողմից` բնակչության չափազանց քաղաքականացվածությունը եւ, մյուս կողմից, քաղաքական ցածր մշակույթը: Նա նշեց, որ  Լեւոն Տեր-Պետրոսյանը հասարակության մեջ ձեւավորեց բաժանարար գիծ եւ իրեն հռչակեց գծից այն կողմ գտնվողների նախագահը` դեռեւս ընտրություններից առաջ: Նաիրա Զոհրաբյանը, որպես նախկին ընդդիմադիր լրագրող, անդրադարձավ խոսքի ազատության խնդրին: Նրա կարծիքով`  ազատ խոսքը պետք է կարողանալ տարանջատել ատելության քարոզից:  Այս ենթատեքստում պատգամավորը տեսնում է «Զանգվածային լրատվության մասին» մասին օրենքը որոշակիորեն փոփոխելու անհրաժեշտություն:   Արամ Սաֆարյանը գտնում է, որ հարուցված քրեական գործերի քննությունները պետք է իրականացվեն բաց եւ թափանցիկ, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի` ինչի համար են պատժվում: Ավետ Ադոնցն էլ վստահություն հայտնեց, որ բոլոր մեղադրանքները կլինեն հիմնավորված եւ հավելեց, որ գոնե իրենք թույ չեն տալու Հայաստանում ունենալ քաղաքական բանտարկյալներ:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությունն Ազգային ժողովում հանդիպեց նաեւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ:

Պարոն Համարբերգի խոսքով` այցի նպատակը կառուցողական  է, ցանկանում են ծանոթանալ երկրում ստեղծված իրավիճակին, որպեսզի կարողանան  խորհուրդներ տալ կառավարությանը: ԵԽ վերջնական գնահատականի վերաբերյալ պարոն Համարբերգը չցանկացավ որեւէ հայտարարություն անել, նրա կարծիքով` անհրաժեշտ է իրադարձությունները մանրամասն քննել առաքելության ավարտից հետո, պարզել իրականությունը, այնուհետեւ եզրակացություններ անել: Պարոն Համարբերգը ցանկություն հայտնեց լսել ՀՀԿ-ի կարծիքը  խորհրդարանի 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը ներկայացրեց նախընտրական եւ հետընտրական շրջանի իրադարձությունները` տեղեկացնելով, որ  նախընտրական քարոզչության շրջանում արդեն երկրում նկատվում էր լարվածութուն եւ անհանդուրժողականություն: Անդրադառնալով Երեւանում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին` պարոն Նիկոյանն այն համարեց անհրաժեշտություն` նշելով, որ  ընտրություններից հետո տեղի էին ունենում երթեր եւ ցույցեր, որոնք դառնում էին անվերահսկելի, տեղի էին ունենում զանգվածային անկարգություններ:  Անդրադառնալով  գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու հարցին`  պարոն Նիկոյանը նշեց, որ նրանք կատարել են հակաօրինական արարքներ, որը պետք է քննեն իրավապահ մարմինները: ԱԺ պատգամավորները իրենց քվեարկությամբ հնարավորություն են ընձեռել գործի արդար քննության համար: Պարոն Նիկոյանը ողջունեց երկրի նախագահի` արտակարգ իրավիճակը մեղմելու եւ մամուլի ազատությունը վերականգնելուն միտված քայլերը: Անդրադառնալով նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 13-ի հայտարարություններին` նա բարձր գնահատեց նորընտիր նախագահի հանդուրժողական կեցվածքը: ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ավելացրեց, որ եւ խորհրդարանական, եւ նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության  ու ընդդիմության հավաքած ձայները չեն փոխվել: Նրա կարծիքով` հասարակության մեջ վերջին 8 ամիսների  ընթացքում բացասական վերաբերմունք իշխանությունների հանդեպ չի ձեւավորվել: Անդրադառնալով ընտրություններին` պարոն Մինասյանը կարեւորեց երկու հանգամանք` փոփոխություններն ընտրական օրենսգրքում, որոնք նպաստեցին  ընտրություններն առավել  թափանցիկ անցկացնելուն: Նա կարեւորեց ընտրական գործընթացի տեսագրումը եւ ընտրողի  անձնագրում կնիք դնելը, որը բացառում էր կրկնակի քվեարկության հնարավորությունը, որը ընդդիմությունը համարում էր ընտրախախտումների դեմ պայքարի  ամենալուրջ հնարավորություն:

Պարոն Մինասյանը եւս անդրադարձավ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն` հավելելով, որ  խորհրդարանը հնարավորություն է տվել, որպեսզի  իրավապահ մարմինները պարզեն գործի քննությունը: Պարոն  Մինասյանի  համոզմամբ`  երկիրն այս իրավիճակից դուրս բերելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի երկխոսությունն է:



14.03.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 14-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ    մարտի 17-20 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:Չորրորդ...

14.03.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Մարտի 14-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նսիտերը:ԱԺ պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Արմեն Աշոտյանի եւ Կարեն...