Տպել
28.01.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ

Հունվարի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ:

Հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց Մեվլութ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը` պարոն Աբրահամյանը կոչ արեց նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ եւ հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում:

Հեռախոսազրույցի ընթացքում Մ. Չավուշօղլուն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, որ ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել: Մ.Չավուշօղլուն հավաստիացրեց, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության եւ ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետեւանք են:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաեւ տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ: Զրուցակիցները նաեւ քննարկեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը: