Տպել
22.10.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը խորհրդարանի նոր դահլիճի բացման արարողության ժամանակ
1 / 3
Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ,

Վեհափառ Տեր,

Հարգելի գործընկերներ 
  
Շնորհավորում եմ բոլորիս Ազգային ժողովի նիստերի նոր դահլիճ ունենալու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, ով սատարեց այս նախաձեռնությանը եւ օժանդակեց այն կյանքի կոչելու հարցում: Շնորհակալ եմ նաեւ բոլոր կազմակերպիչներին, ճարտարապետներին ու շինարարներին, ովքեր իսկապես հոգի դրեցին այս աշխատանքում: Եվ վերջապես շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, հարգելի՛ գործընկերներ, ձեր խորհուրդների, սրտացավության եւ այն դրական ազդակների համար, որոնք մենք այս ողջ ընթացքում ստացել ենք ձեզնից: 

Ազգային ժողովի  նիստերի վերանորոգված ու ձեւափոխված դահլիճը յուրատեսակ նվեր է եւ հարգանքի արտահայտություն  Հայաստանի երրորդ հանրապետության` այս տարի 20 տարեկան դարձած  խորհրդարանին: Խորհրդարան, որն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որը` ձեւավորելով երկրի օրենսդրական դաշտը եւ ամրապնդելով մեր պետական Տան հիմքերը, շարունակում է մնալ նաեւ համաժողովրդական ու համապետական խնդիրների քննարկման ժողովրդավարական ասպարեզ: Ի դեպ, այս շենքի կառուցումը, որտեղ աշխատում է Ազգային ժողովը, ավարտվել է 1950 թվականին, եւ այս տեսանկյունից եւս խորհրդանշական է, որ Ազգային ժողովի  նիստերի նոր դահլիճի բացումը համընկնում է խորհրդարանի շենքի 60-ամյակի հոբելյանին: 

Այսուհետ մեր խորհրդարանը կաշխատի  Ազգային ժողովի նիստերի նոր դահլիճում: Կարծում եմ` ժամանակի պահանջներին բավարարող, բայց եւ պառլամենտարիզմի ոգուն համահունչ նիստերի դահլիճ ունենալը կարեւոր էր պատգամավորների աշխատանքային պայմաններն արդիականացնելու, օրենսդիր մարմնի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու եւ  խորհրդարանի դերի հանրային ընկալման տեսանկյունից: Բացի ժամանակակից տեխնիկական  հագեցվածությունից ու հարմարավետությունից` նիստերի դահլիճը, ինչպես տեսնում եք, վերակառուցվել ու դարձել է օվալաձեւ: 
  
Դահլիճի օվալաձեւ կառուցվածքը խորհուրդ ունի. այն  Ազգային ժողովի նիստերը կլոր սեղանի շուրջն անցկացվող քննարկումներ է հիշեցնում: Այդ կառուցվածքի ընտրությունը պատահական չէ: Վաղուց ի վեր կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ, քանի որ տրամաբանորեն կլոր սեղանի շուրջ զրուցակիցները շարժվում են ոչ թե ճակատային ու միմյանց հանդեպ անձնավորված գրոհների, այլ հիմնախնդրի լուծման արդյունավետ ուղիների փնտրտուքի ճանապարհով: 
  
Համաձայն առասպելի` կլոր սեղանի գաղափարը ծնվել է 12-րդ դարում, թեեւ այն շատ ավելի հին է եւ հատուկ է եղել նաեւ հայ իրականությանը: Ըստ ավանդույթի` Արթուր թագավորն այդ ձեւով իր ասպետներին զրկեց սեղանի գլխին ավելի մոտ նստելու վիճահարույց հարցի հնարավորությունից: Կլոր սեղանը չունի անկյուններ, ուստի կլոր սեղանի շուրջը նստածները հավասարապես իրավազոր եւ պատասխանատու են ընդունված որոշումների համար: 
  
Այն, ինչի ձգտում էր Արթուր թագավորը, արդիական է նաեւ այսօր: Վստահ եմ, որ այս դահլիճում միշտ տիրապետող կլինի ասպետական ոգին, որն առաջին հերթին կարտահայտվի փոխադարձ հարգանքով ու այլոց կարծիքների հանդեպ հանդուրժողականությամբ: Դա ամենեւին չի նշանակում, որ այս դահլիճում պիտի բացակայի մրցակցությունը, բանավեճը, քննադատությունը: Ո’չ, իհարկե: Դրանք քաղաքական կյանքի  անբաժանելի տարրերն են, բայց չպետք է դառնան մեր անցուդաձի ու կյանքի ինքնանպատակ դրսեւորումները: 
  
Այս կապակցությամբ ցանկանում եմ մեկ անգամ եւս հիշել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի հետեւյալ դրույթը. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով»: 
  
Մեծարգո պարոն Նախագահ,

Վեհափառ Տեր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, 
  
Նոր դահլիճը փոփոխություններ կմտցնի Ազգային ժողովի աշխատանքի ձեւի մեջ, բայց այն նաեւ ունի բովանդակային փոփոխություններին նպաստելու ներուժ: Մենք մեկ անգամ չենք խոսել այդ մասին, իսկ այսուհետ խոսքը գործի վերածելու նպատակադրմամբ պիտի այնպես անենք, որ պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկը` խորհրդարանը,  հանրային ընկալման մեջ  թե՛ որպես պետականության հենասյուն, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու կյանքով ու խնդիրներով նախանձախնդիր լրջագույն կառույց դառնա: 
  
Այո՛, մենք իսկապես խորհրդարանը մարդկանց ավելի հասկանալի, ավելի մոտ ու ընկալելի դարձնելու խնդիր ունենք: Վաղուց ունենք: Այս ուղղությամբ մենք հասցրել ենք արդեն որոշակի քայլեր կատարել. շատ շատերի համար Ազգային ժողովն արդեն իսկ դադարել է խորհրդավոր ու բազմաթիվ դռների հետեւում թաքնված փակ  կառույց լինելուց: Մենք ջարդեցինք խորհրդավորության այդ պատկերացումները: Բայց մենք նաեւ Ազգային ժողովի խորհուրդն ամրապնդելու, նրա հաստատուն հարգանքն ու ժողովրդականությունն անընդհատ ավելացնելու խնդիր ունենք: Սա անելու ենք աշխատանքով, անելու ենք հավատով: Այլ ճանապարհ չկա: Եվ միշտ պետք է հիշենք, որ անհատը պատգամավոր է ընտրվում որոշակի ժամանակահատվածի համար միայն, իսկ խորհրդարանի դերն ու անունը կերտվում են  ապագայի համար: Սա է, որ պիտի հիշենք ամեն օր աշխատանքի գալիս:

Մեր աշխատանքի կոնկրետ արդյունքներով  շարունակելու ենք ցույց տալ, որ միշտ կարողացել ենք բաց ու հստակ խոսել, խոսել ազնիվ, անգամ ամենաբարդ հիմնահարցերի մասին, երբեւէ չմոլորեցնել որեւէ մեկին, լինել խոսքի տեր, հետեւողականորեն հասնել մեր միասնական նպատակին, որը մեր պետության ամրապնդումն է: Իսկ դա հնարավոր չէ առանց հանրային աջակցության, վստահության, առանց այն քաղաքացիների, ովքեր սատարում են այդ նպատակին, ովքեր ցանկանում են ապրել բարեկեցիկ ու լավ պետությունում: Այսօր մենք հենց այդ փոփոխությունների ճանապարհին ենք: 
 
Հարգելի՛ գործընկերներ, 
  
Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մեզ պարտադրած դժվարություններին` այսօր կարող ենք վստահ խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պատվով դիմակայեց այդ մարտահրավերին: Այստեղ անհրաժեշտ եմ համարում հատուկ շեշտել մեր երկրի հասարակական-քաղաքական համակարգի անխափան գործունեությունը: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր երկրի քաղաքական կյանքի ամենաբարձր ամբիոնը խորհրդարանն է: 
  
Այստեղ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ծավալվեցին ամենասուր քննարկումները, որոնք երբեմն նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների  ներկայացուցիչների միջեւ ամենալուրջ բանավեճերի տեսք էին ստանում: Դա գնահատում եմ որպես բնական եւ դրական երեւույթ, որը բխում է մեր երկրի սահմանադրական համակարգից: Հիշենք, որ ըստ մեր երկրի հիմնական օրենքի` իշխանության  երեք ճյուղերն օժտված են փոխադարձաբար միմյանց զսպելու եւ հակակշռելու լիազորությամբ: 
  
Այո, Ազգային ժողովն օրենսդիր իշխանության կրողն է, որտեղ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերը պետք է քաղաքակիրթ բանավեճի միջոցով կայացնեն որոշումներ եւ ուղղորդեն մեր երկրի ապագան: Ուրախ եմ, որ ընդդիմության ներկայացուցիչների բարձրացրած բազմաթիվ հարցեր այս ընթացքում գտան իրենց լուծումները, քանի որ քաղաքական կոալիցիան երբեք չի ձգտել անտեսել իր ընդդիմախոսների տեսակետները: 
  
Միեւնույն ժամանակ խորհրդարանը քաղաքական պայքարի հարթակ է, որտեղ հաճախակի կարող են լինել նաեւ սուր վեճեր ու տարաձայնություններ: Ամեն դեպքում, դա երբեք ու երբեք իրար վիրավորելու կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու առիթ չպետք է դառնա: Խոսքս ուղղում եմ բոլոր պատգամավորներին եւ ինքս` ինձ, առաջին հերթին: Իմ անձնական օրինակով ես միշտ փորձել եմ լինել հարգալից եւ ուշադիր բոլորիդ նկատմամբ: Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ձեզ հետ, սակայն մշտապես լսել եմ ձեր մոտեցումները, փորձել եմ հասկանալ ձեր մտահոգությունները եւ  գտնել ձեր բարձրացրած հարցերի լուծումը: 
  
Վստահ եմ, որ  փոխադարձ հարգանքի եւ ուշադրության մթնոլորտը պետք է տիրի մեր խորհրդարանում: Այսօր, երբ մենք սկսում ենք մեր աշխատանքն այս նոր դահլիճում, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, մենք նաեւ շատ ավելի հավատարիմ պիտի լինենք այն եվրոպական արժեքներին, որոնք դրված են խորհրդարանական եւ օրենսդրական գործունեության հիմքում: 
  
Մեծարգո պարո՛ն Նախագահ,

Վեհափա՛ռ Տեր,

հարգելի հյուրեր, 
  
Շնորհակալ եմ, որ ձեր ներկայությամբ պատվեցիք մեր արարողությունը եւ կիսեցիք մեր ուրախությունը: 
  
Մեկ անգամ եւս շնորհավորում  եմ իմ բոլոր գործընկերներին` Ազգային ժողովի նիստերի այս նոր դահլիճի բացման կապակցությամբ: Մաղթում եմ մեզ բեղմնավոր աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի եւ հանուն մեր պետականության ամրապնդման: 
  
Շնորհակալություն:


03.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերթինին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հան...

03.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 ...

03.05.2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյ...

03.05.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեությ...

03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...