National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
22.10.2010
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի պաշտոնական բացման արարողությունը

  Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, մարզպետներ եւ բարձրաստիճան այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ,

Վեհափառ Տեր,

Հարգելի գործընկերներ

Շնորհավորում եմ բոլորիս Ազգային ժողովի նիստերի նոր դահլիճ ունենալու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, ով սատարեց այս նախաձեռնությանը եւ օժանդակեց այն կյանքի կոչելու հարցում: Շնորհակալ եմ նաեւ բոլոր կազմակերպիչներին, ճարտարապետներին ու շինարարներին, ովքեր իսկապես հոգի դրեցին այս աշխատանքում: Եվ վերջապես շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, հարգելի? գործընկերներ, ձեր խորհուրդների, սրտացավության եւ այն դրական ազդակների համար, որոնք մենք այս ողջ ընթացքում ստացել ենք ձեզնից:

Ազգային ժողովի  նիստերի վերանորոգված ու ձեւափոխված դահլիճը յուրատեսակ նվեր է եւ հարգանքի արտահայտություն  Հայաստանի երրորդ հանրապետության` այս տարի 20 տարեկան դարձած  խորհրդարանին: Խորհրդարան, որն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որը` ձեւավորելով երկրի օրենսդրական դաշտը եւ ամրապնդելով մեր պետական Տան հիմքերը, շարունակում է մնալ նաեւ համաժողովրդական ու համապետական խնդիրների քննարկման ժողովրդավարական ասպարեզ: Ի դեպ, այս շենքի կառուցումը, որտեղ աշխատում է Ազգային ժողովը, ավարտվել է 1950 թվականին, եւ այս տեսանկյունից եւս խորհրդանշական է, որ Ազգային ժողովի  նիստերի նոր դահլիճի բացումը համընկնում է խորհրդարանի շենքի 60-ամյակի հոբելյանին:

Այսուհետ մեր խորհրդարանը կաշխատի  Ազգային ժողովի նիստերի նոր դահլիճում: Կարծում եմ` ժամանակի պահանջներին բավարարող, բայց եւ պառլամենտարիզմի ոգուն համահունչ նիստերի դահլիճ ունենալը կարեւոր էր պատգամավորների աշխատանքային պայմաններն արդիականացնելու, օրենսդիր մարմնի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու եւ  խորհրդարանի դերի հանրային ընկալման տեսանկյունից: Բացի ժամանակակից տեխնիկական  հագեցվածությունից ու հարմարավետությունից` նիստերի դահլիճը, ինչպես տեսնում եք, վերակառուցվել ու դարձել է օվալաձեւ:

Դահլիճի օվալաձեւ կառուցվածքը խորհուրդ ունի. այն  Ազգային ժողովի նիստերը կլոր սեղանի շուրջն անցկացվող քննարկումներ է հիշեցնում: Այդ կառուցվածքի ընտրությունը պատահական չէ: Վաղուց ի վեր կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ, քանի որ տրամաբանորեն կլոր սեղանի շուրջ զրուցակիցները շարժվում են ոչ թե ճակատային ու միմյանց հանդեպ անձնավորված գրոհների, այլ հիմնախնդրի լուծման արդյունավետ ուղիների փնտրտուքի ճանապարհով:

Համաձայն առասպելի` կլոր սեղանի գաղափարը ծնվել է 12-րդ դարում, թեեւ այն շատ ավելի հին է եւ հատուկ է եղել նաեւ հայ իրականությանը: Ըստ ավանդույթի` Արթուր թագավորն այդ ձեւով իր ասպետներին զրկեց սեղանի գլխին ավելի մոտ նստելու վիճահարույց հարցի հնարավորությունից: Կլոր սեղանը չունի անկյուններ, ուստի կլոր սեղանի շուրջը նստածները հավասարապես իրավազոր եւ պատասխանատու են ընդունված որոշումների համար:

Այն, ինչի ձգտում էր Արթուր թագավորը, արդիական է նաեւ այսօր: Վստահ եմ, որ այս դահլիճում միշտ տիրապետող կլինի ասպետական ոգին, որն առաջին հերթին կարտահայտվի փոխադարձ հարգանքով ու այլոց կարծիքների հանդեպ հանդուրժողականությամբ: Դա ամենեւին չի նշանակում, որ այս դահլիճում պիտի բացակայի մրցակցությունը, բանավեճը, քննադատությունը: Ո’չ, իհարկե: Դրանք քաղաքական կյանքի  անբաժանելի տարրերն են, բայց չպետք է դառնան մեր անցուդաձի ու կյանքի ինքնանպատակ դրսեւորումները:

Այս կապակցությամբ ցանկանում եմ մեկ անգամ եւս հիշել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի հետեւյալ դրույթը. ,Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով:
 

Մեծարգո պարոն Նախագահ,

Վեհափառ Տեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Նոր դահլիճը փոփոխություններ կմտցնի Ազգային ժողովի աշխատանքի ձեւի մեջ, բայց այն նաեւ ունի բովանդակային փոփոխություններին նպաստելու ներուժ: Մենք մեկ անգամ չենք խոսել այդ մասին, իսկ այսուհետ խոսքը գործի վերածելու նպատակադրմամբ պիտի այնպես անենք, որ պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկը` խորհրդարանը,  հանրային ընկալման մեջ  թե? որպես պետականության հենասյուն, թե? յուրաքանչյուր քաղաքացու կյանքով ու խնդիրներով նախանձախնդիր լրջագույն կառույց դառնա:

Այո, մենք իսկապես խորհրդարանը մարդկանց ավելի հասկանալի, ավելի մոտ ու ընկալելի դարձնելու խնդիր ունենք: Վաղուց ունենք: Այս ուղղությամբ մենք հասցրել ենք արդեն որոշակի քայլեր կատարել. շատ շատերի համար Ազգային ժողովն արդեն իսկ դադարել է խորհրդավոր ու բազմաթիվ դռների հետեւում թաքնված փակ  կառույց լինելուց: Մենք ջարդեցինք խորհրդավորության այդ պատկերացումները: Բայց մենք նաեւ Ազգային ժողովի խորհուրդն ամրապնդելու, նրա հաստատուն հարգանքն ու ժողովրդականությունն անընդհատ ավելացնելու խնդիր ունենք: Սա անելու ենք աշխատանքով, անելու ենք հավատով: Այլ ճանապարհ չկա: Եվ միշտ պետք է հիշենք, որ անհատը պատգամավոր է ընտրվում որոշակի ժամանակահատվածի համար միայն, իսկ խորհրդարանի դերն ու անունը կերտվում են  ապագայի համար: Սա է, որ պիտի հիշենք ամեն օր աշխատանքի գալիս:

Մեր աշխատանքի կոնկրետ արդյունքներով  շարունակելու ենք ցույց տալ, որ միշտ կարողացել ենք բաց ու հստակ խոսել, խոսել ազնիվ, անգամ ամենաբարդ հիմնահարցերի մասին, երբեւէ չմոլորեցնել որեւէ մեկին, լինել խոսքի տեր, հետեւողականորեն հասնել մեր միասնական նպատակին, որը մեր պետության ամրապնդումն է: Իսկ դա հնարավոր չէ առանց հանրային աջակցության, վստահության, առանց այն քաղաքացիների, ովքեր սատարում են այդ նպատակին, ովքեր ցանկանում են ապրել բարեկեցիկ ու լավ պետությունում: Այսօր մենք հենց այդ փոփոխությունների ճանապարհին ենք:

Հարգելի գործընկերներ,

Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մեզ պարտադրած դժվարություններին` այսօր կարող ենք վստահ խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պատվով դիմակայեց այդ մարտահրավերին: Այստեղ անհրաժեշտ եմ համարում հատուկ շեշտել մեր երկրի հասարակական-քաղաքական համակարգի անխափան գործունեությունը: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր երկրի քաղաքական կյանքի ամենաբարձր ամբիոնը խորհրդարանն է:

Այստեղ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ծավալվեցին ամենասուր քննարկումները, որոնք երբեմն նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների  ներկայացուցիչների միջեւ ամենալուրջ բանավեճերի տեսք էին ստանում: Դա գնահատում եմ որպես բնական եւ դրական երեւույթ, որը բխում է մեր երկրի սահմանադրական համակարգից: Հիշենք, որ ըստ մեր երկրի հիմնական օրենքի` իշխանության  երեք ճյուղերն օժտված են փոխադարձաբար միմյանց զսպելու եւ հակակշռելու լիազորությամբ:

Այո, Ազգային ժողովն օրենսդիր իշխանության կրողն է, որտեղ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերը պետք է քաղաքակիրթ բանավեճի միջոցով կայացնեն որոշումներ եւ ուղղորդեն մեր երկրի ապագան: Ուրախ եմ, որ ընդդիմության ներկայացուցիչների բարձրացրած բազմաթիվ հարցեր այս ընթացքում գտան իրենց լուծումները, քանի որ քաղաքական կոալիցիան երբեք չի ձգտել անտեսել իր ընդդիմախոսների տեսակետները:

Միեւնույն ժամանակ խորհրդարանը քաղաքական պայքարի հարթակ է, որտեղ հաճախակի կարող են լինել նաեւ սուր վեճեր ու տարաձայնություններ: Ամեն դեպքում, դա երբեք ու երբեք իրար վիրավորելու կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու առիթ չպետք է դառնա: Խոսքս ուղղում եմ բոլոր պատգամավորներին եւ ինքս` ինձ, առաջին հերթին: Իմ անձնական օրինակով ես միշտ փորձել եմ լինել հարգալից եւ ուշադիր բոլորիդ նկատմամբ: Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ձեզ հետ, սակայն մշտապես լսել եմ ձեր մոտեցումները, փորձել եմ հասկանալ ձեր մտահոգությունները եւ  գտնել ձեր բարձրացրած հարցերի լուծումը:

Վստահ եմ, որ  փոխադարձ հարգանքի եւ ուշադրության մթնոլորտը պետք է տիրի մեր խորհրդարանում: Այսօր, երբ մենք սկսում ենք մեր աշխատանքն այս նոր դահլիճում, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, մենք նաեւ շատ ավելի հավատարիմ պիտի լինենք այն եվրոպական արժեքներին, որոնք դրված են խորհրդարանական եւ օրենսդրական գործունեության հիմքում:

Մեծարգո պարոն Նախագահ,
Վեհափառ Տեր,
հարգելի հյուրեր,

Շնորհակալ եմ, որ ձեր ներկայությամբ պատվեցիք մեր արարողությունը եւ կիսեցիք մեր ուրախությունը:

Մեկ անգամ եւս շնորհավորում  եմ իմ բոլոր գործընկերներին` Ազգային ժողովի նիստերի այս նոր դահլիճի բացման կապակցությամբ: Մաղթում եմ մեզ բեղմնավոր աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի եւ հանուն մեր պետականության ամրապնդման:

Շնորհակալություն»: 
  
Նոր կառույցին իր հայրապետական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին երկրորդ  Ամենայն հայոց կաթողիկոսը`  նշելով, որ արդիական հնարավորություններով նոր դահլիճը նպաստելու է պատգամավորների առաքելության առավել արդյունավետ իրականացմանը` ի նպաստ մեր ժողովրդի ու հայրենիքի: «Մեծ պատասխանատվություն է ժողովրդի ընտրյալ լինելը եւ պատվաբեր առաքելություն? հանուն հայրենիքի ապրելն ու գործելը? Դուք ստացել եւ կրում եք պատգամավորի պարտականություններն այնպիսի ժամանակում, երբ մեր ժողովուրդը կանգնած է ապահով ու երջանիկ ապագան կերտելու ճանապարհին»,-ասաց նա` ընդգծելով, որ խորհրդարանը ժողովրդավարության ծնունդն ու արտացոլումն է: 
 
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը. 
 
«Վեհափառ Տեր,

Ազգային ժողովի պարոն նախագահ,

Տիկնայք եւ պարոնայք պատգամավորներ, 
 
Ուրախ եմ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի բացման առիթով այստեղ գտնվելու համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ եւ գնահատանքի խոսքեր եմ ուղղում այս ծրագրին մասնակցած բոլոր մարդկանց:

Առաջին իսկ հայացքից տպավորված եմ արդյունքով: Իրոք, մենք ստացել ենք շատ ժամանակակից եւ աշխատելու համար հարմարավետ դահլիճ: Իսկապես, մեծ աշխատանք է կատարվել, եւ այդ աշխատանքի արդյունքն ակնհայտ է:

Հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսուհետ իր նիստերը կանցկացնի այս նոր դահլիճում, որը վերակառուցվել է` հաշվի առնելով տարբեր երկրների օրինակը:

Յուրաքանչյուր խորհրդարան կոչված է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, հույսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական եւ քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը` մենք եւս որդեգրել ենք հայտնի չափանիշներով առաջ շարժվելու ուղին: Անչափ կարեւորում եմ Հայաստանի ժողովրդի խորապես մտածված եւ կշռադատված այդ ընտրությունը:

Այս ճանապարհին շատ բան արդեն արել ենք, սակայն դեռեւս ավելի շատ բան ունենք անելու: Ավելին ասեմ` այս ոլորտում մեր աշխատանքը երբեք չպետք է դադարի: Այն մշտապես պետք է հետապնդի համակարգի կատարելագործման եւ դրա անխափան աշխատանքն ապահովելու նպատակը: 
 
Խորհրդարանն ունի ոչ միայն օրենսդիր առաքելություն, այլեւ կարեւորագույն դերակատարում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման գործում: 
 
Այս առումով, ուզում եմ նաեւ գոհունակությամբ արձանագրել, որ խորհրդարանը Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում գործադրի հետ կիսեց երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու լուծը, վերցրեց եւ կրեց պատասխանատվության իր բաժինը: Իրոք, կառավարության հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցություն են ստացել խորհրդարանում, ինչի շնորհիվ ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով ծրագրերը կիրառվել են: Աշխարհը ցնցած ու մեր տնտեսությունից տասնյակ անգամ ավելի հզոր տնտեսություններ ծնկի բերած ճգնաժամի ծավալման ամիսներին գործադիր եւ օրենսդիր իշխանությունների համահունչ, ներդաշնակ ճիշտ քայլերի արդյունքում վայրկյան անգամ չուշացան եւ չկրճատվեցին ուսուցչի աշխատավարձն ու տարեցի կենսաթոշակը, չդանդաղեց բանակի մարտունակության անընդհատ բարձրացման տեմպը: 
 
Ճգնաժամի փորձությանը դիմակայելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու հավաքական ունակությունը չորրորդ գումարման Ազգային ժողովի կենսունակության եւ պետական համակարգում հայոց խորհրդարանի կարեւորագույն դերի լավագույն վկայությունն է: Ավելին` վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը, փոփոխված Սահմանադրության կենսունակությունն ու փորձությունների առջեւ հայոց պետականության ամրությունը:
 

Ազգային ժողովի հարգելի  պատգամավորներ,

Մեր ժողովրդի ստեղծագործական ձիրքն ու տաղանդը դրսեւորվել են մայրաքաղաքի այս հիասքանչ կառույցում` խորհրդարանի շենքում, որը քսաներորդ դարի հայ ճարտարապետության լավագույն ձեռքբերումների արտացոլումն է: Այսօր մենք միասին պաշտոնապես բացում ենք նիստերի նոր վերակառուցված սրահը, որն իր գեղեցկությամբ իսկապես հարիր է այս ամբողջ համալիրին, այս չքնաղ շենքին: Վստահ եմ, որ այստեղ երբեք չեն դադարելու մեր պետականության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Հաջողություն եմ մաղթում մեզ եւ կրկին շնորհավորում վերակառուցված դահլիճի բացման կապակցությամբ»:

Դիմելով ներկաներին ՀՀ ԱԺ նախագահը  նշեց.«Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, Վեհափառ Տեր, հարգարժան պատգամավորներ եւ հյուրեր, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս Ազգային ժողովի  բարեկերտ ու հարմարավետ նիստերի դահլիճ ունենալու կապակցությամբ:Աստծո կամոք եւ մեր բոլորիս աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ թող այս դահլիճում միշտ ընդունվեն  մեր պետության զարգացմանն ու ժողովրդի բարեկեցությանը նպաստող օրենքներ ու որոշումներ, թող այն դառնա մեր ժողովրդի վստահության, քաղաքական ուժերի երկխոսության,  մեր ազգային վեհ նպատակների ու իղձերի իրականացման հանգրվան  եւ  միմիայն  բարի նպատակների ծառայի»:
 
 
 


22.10.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  հոկտեմբերի 25-28-ի  ԱԺ...

22.10.2010
Հանձնաժողովները քննարկում են 2011թ. պետական բյուջեի նախագիծը
Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի   ոլորտների ծա...

22.10.2010
Քննարկում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 22-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց եւ նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ նախորդ նիստում ընդհատված «Արտոնագրային վճարների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություն...

22.10.2010
Հանդիպում Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ՕԵ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը, ԲՀ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյա...




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS