Տպել
19.01.2012
Խորհրդարանական լսումներ` նվիրված գենդերային հավասարությանը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում Եվրոպական միության խորհրդատվական խմբի աջակցությամբ հունվարի 19-ին խորհրդարանում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրինագծի վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, պատգամավորների, կառավարության անդամների, մարդու իրավունքների պաշտպանի ու միջազգային,հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվեցին նախագծի վերաբերյալ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ դեռեւս լուծում չստացած հարցերը:

Ողջունելով լսումների մասնակիցներին` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հույս հայտնեց, որ լսումներն ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարության ամրապնդմանը Հայաստանում, եւ որ քննարկումները կնպաստեն օրինագծի  կատարելագործմանը:   Խորհրդարանի ղեկավարը խոսեց օրենքի ընդունման քաղաքական, իրավական, պատմական հիմնավորումների մասին, դիտարկեց այն նաեւ ազգային անվտանգության տեսակետից: Բանախոսը հատկապես անդրադարձավ խնդրի պատմական հիմքերին եւ նշեց, որ կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարկությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին, այն կազմում է մեր մշակույթի բաղկացուցիչ մասը: Հայ կինը միշտ եղել է  հայ տղամարդու կողքին: Դրա վառ  վկայությունն են հայ իրավունքի հուշարձանները, ասաց Աժ նախագահը եւ հիմնավորեց` սկսած 4-րդ դարի կեսերից` հայ իրավունքի հուշարձաններում խոսվում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին, մասնավորապես Աշտիշատի կանոններում, Շահապիվանի կանոններում, Դավիթ Ալավկաորդու կանոններում, Մխիթար Գոշի Հայոց դատաստանագրքում, Կոստանդնապոլսի Ազգային Սահմանադրությունում(1863թ.): Մխիթար Գոշի «Հայոց դատաստանագրքում», դեռեւս  12-րդ դարում, խոսվում է կանանց գույքային իրավունքների, պատվի եւ արժանապատվության ճանաչման եւ հարգման, կնոջ ամուսնության իրավունքի, ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, 2-րդ անգամ ամուսնանալու, եւ այլ իրավունքների մասին: Իսկ այսօրվա ըմբռնմամբ, ըստ բանախոսի, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ընկալումը ուղղակիորեն տրված է Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառացում», որը գրվել է 1773թ. եւ ըստ որի կանայք ու տղամարդիկ իրավահավասար են անկախ սեռից, քաղաքացիությունից, եւ մեկը մյուսի վրա իշխելու իրավունք չունեն:  Աժ նախագահն անդրադարձավ նաեւ Կոստանդնապոլսի Ազգային Սահմանադրությանը, որի  ներածության մեջ ուղղակիորեն են նշվում  կանանց մի շարք իրավունքներ` տղամարդկանց հետ հավասար կրթություն ստանալու, սոցիալական ապահովության եւ այլն: Ըստ այս Սահմանադրության` կանայք, չունենալով քվեարկության իրավունք , ակտիվորեն մասնակցել են Ազգային Ժողովի աշխատանքներին` իրականացնելով սոցիալական, կրթական բարեգործական, առողջապահական մի շարք ծրագրեր: Պրն. Նիկոյանը վկայակոչեց նաեւ մեր առաջին հանրապետության տարիները, երբ կանայք ունեցել են ընտրելու եւ ընտրվելու իրավունք: Խորհրդարանի ղեկավարի բնորոշմամբ` սա նշանակում է, որ մարդկային քաղաքակրթությանը, գենդերային մտքին հայ քաղաքական միտքը դարերի  ընթացքում տվել է արժեքներ եւ այդ արժեքները համամարդկային քաղաքակրթությունը վերադարձնում է այսօր: «Մենք դա պետք է ընկալենք  հենց այդպես եւ ընդունենք, որովհետեւ դա մեր  մոռացված հինն է»,-ասաց ԱԺ նախագահը: Կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում Աժ նախագահը հիմնավորեց նաեւ նշելով, որ կանայք մեր հանրապետությունում մեծամասնություն են կազմում, որ նրանք գրագետ են, գեղեցիկ ու լավը: Չօգտագործել այդ հզորությունը, այդ հնարավրությունը փոքր ազգի համար  շռայլություն կլինի, ասաց խորհրդարանի ղեկավարը եւ հավելեց, որ պետք է փորձենք գտնել այն մոտեցումները, որ գենդերային իրավահավասարությունը գործուն մեխանիզմ դարձնեն: Սահմանադրությամբ եւ օրենքներով այդ իրավունքը տրված է, բայց կիրառման մեխանիզմներ չկան, ինչն էլ, Աժ նախագահի կարծիքով, կլրացվեն այս օրենքում: Աժ նախագահն իր խոսքում նշեց նաեւ հասարակական կազմակերպությունների կարեւոր դերը  այս հարցում. տարիներ շարունակ  քաղաքացիական հասարակությունը համառորեն   կարողացել  է թե պատգամավորների եւ թե հասարակության լայն շերտերի համար ընկալելի դարձնել գենդերային հավասարության գաղափարը: ԱԺ նախագահը լսումների կազմակերպիչներին ու մասնակիցներին  շնորհակալություն հայտնեց ցուցաբերած հետաքրքրության համար:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանի համոզմամբ` այս ձեւաչափով քննարկումը լավ նախադրյալներ է ստեղծում առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկությունների ու դիտողությունների փաթեթ ունենալու համար` հետագայում այն լրամշակելու նպատակով: Կառավարության եւ «Օրինաց երկիր» խմբակցության համատեղ նախագիծն արդեն ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ առաջիկա քառօրյա նիստերում նախատեսվում է ընդունել: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը  նախագծի ընդունումը ուշացած համարեց եւ հավելեց` թեեւ ուշացած, բայց պետք է գործուն ու հստակ մեխանիզմներ ամրագրել  կանանց եւ տղամարդկանց հավասար պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու համար:  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց տարածված տեսակետի հետ, թե գենդերային հավասարությունը արհեստածին եւ արեւմուտքից ներմուծված երեւույթ է` ասելով, որ բազմաթիվ են թե կանանց նկատմամբ բռնության դեպքերը եւ թե ուղղակի անհավասար մրցակցային  պայմանները Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած գրասենյակում այս տարվանից գործում է կանանց հարցերով զբաղվող իրավապաշտպան:

Լսումների ընթացքում օրենքի նախագծի կարգավորման առարկան ու հիմնական սկզբունքները ներկայացրին համահեղինակներ` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը եւ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Տկն. Բիշարյանը  նշեց, որ 2005 թ.-ից ի վեր իրենց խմբակցությունը փորձում է գենդերային հավասարության մասին նախագիծն  օրենք դարձնել, սակայն այն խորհրդարանում այդպես էլ բավարար չափով համախոհներ չգտավ: Նախագծի համահեղինակը մեկ անգամ եւս պարզաբանեց, որ խոսքը գենդերային հավասարության ու հավասար հնարավորությունների մասին է, եւ ոչ թե կանանց իրավունքների մասին: Այս կարծրատիպն արմատավորվել է կանանց բազմաթիվ չլուծված խնդիրների առկայության պատճառով, ասաց պատգամավորը եւ առաջարկեց քննարկվող նախագիծն ընդունել որպես հիմք` հետագայում այն ուժեղացնելու ակնկալիքով: Հասարակական կազմակերպությունների կարծքիներն իր ելույթում ամփոփեց «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Թե ՀԿ-ների ներկայացուցիչները եւ թե Աժ պատգամավորները միակարծիք էին, որ տարիներ շարունակ շրջանառվող , բայց դեռեւս խորհրդարան չհասած այս նախագիծը խիստ կարեւոր նշանակություն ունի, սակայն մտահոգություն հայտնեցին ներկայացված նախագծում հռչակագրային դրույթների եւ հստակ մեխանիզմների բացակայության վերաբերյալ: Ֆիլարետ Բերիկյանի հիմնավորմամբ` բոլոր կարգավորումները կտրվեն ենթաօրենսդրական ակտերով, քանի որ դրանք օրենքի կարգավորման առարկա չեն: Ջեմմա Հասրաթյանի կարծիքով` իրենց մշակած նախնական տարբերակում, որը ներկայացվել էր կառավարություն եւ որը հիմք է դարձել քննարկվող նախագծի համար, կային  գործուն մեխանիզմներ, որոնք, սակայն, հանվել են նախագծից: Տկն. Հասրաթյանն առաջարկեց վերականգնել հանված դույթները: Լսումների մասնակիցներն անդրադարձան նաեւ ընտրություններում կանանց մասնակցության խնդրին, ոմանք պաշտպանեցին քվոտաներ սահմանելու մոտեցումը, ոմանք են շեշտադրումը պահեցին հավասար հնարավորությունների վրա: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ այս գումարման խորհրդարանում 11 կին պատգամավորներն ամենաակտիվն են` բոլոր ոլորտներում:  ՀՀ-ում  Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան եւս կիսեց այդ կարծիքը` ասելով, որ իր մեկուկես ամսվա պաշտոնավարման ընթացքում հասցրել է գնահատել հայ կանանց մտավոր բարձր կարողությունները եւ հարց ուղղեց` ինչու՞ չօգտագործել այս մեծ ներուժը: Դեսպանը ներկայացրեց Եմ փորձն այս հարցում եւ բոլոր ոլորտներում հավասար իրավունքներ ու հնարավորություններ սահմանելու համար ԵՄ-ի աջակցությունը հայտնեց: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող  Դաֆինա Գերչեւան մեջբերեց Հազարամյակի մարտահրավերներ ծրագրից հատված, որտեղ տնտեսական, սոցիալական զարգացումն առանց  գենդերային հավասարության եւ բնակչության ներուժի 50 տոկոսն օգտագործելու անհար է համարվում: Հայաստանը Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանել է գենդերային հավասարություն, սակայն, նրա խոսքերով, օրենքներ ընդունելը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ իրական հավասարություն հաստատելու համար: Պատգամավորները նշեցին մի քանի բացեր եւս, որոնք պետք է շտկվեն մինչեւ վերջնական տարբերակի ընդունումը:

Քննարկումների ավարտին Ջեմմա Հասրաթյանը նկատեց, որ այս լսումները մասնակցային ժողովրդավարության իրական դրսեւորում էին: Նա նաեւ տպավորությունը հայտնեց, որ գենդերային հավասարության ամրապնդման հարցում առաջընթաց կա.  այդ մասին է վկայում նաեւ ԱԺ նախագահի մասնակցությունն ու ելույթը:

Խորհրդարանի երկու հանձնաժողովները լսումների արդյունքում հնչած տեսակետներն ու ստացված առաջարկները  կքննարկեն` լրամշակված փաստաթղթում արտացոլելու ակնկալիքով: 
 


19.01.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպանին
Հունվարի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ  Սամվել Նիկոյանն ընդունեց  Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Զրուցակիցները բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերը, նշեցին, որ այդ ամենն ամուր հիմք է փոխհ...