Տպել
01.11.2012
Աժ մշտական հանձնաժողովներում շարունակվում է քննարկվել «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 6
Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջատեյին հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013թ. նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ նշելով, որ 2013թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 70,3 մլրդ դրամ, որը 5,1 մլրդ դրամով ավել է 2012թ-ին հատկացված միջոցներից:

Ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2013 թ. պետական բյուջեի նախագծով արտահիվանդանոցային ծառայություններին նախատեսվում է տրամադրել 23 մլրդ 910 մլն դրամ, հիվանդանոցային ծառայություններին՝ 27 մլրդ 256 մլն դրամ, հանրային առողջապահական ծառայություններին՝ 3 մլրդ 159 մլն դրամ, «Առողջապահական հարակից ծառայություններ եւ ծրագրեր» խմբին՝ 11,2 մլրդ դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց առողջապահության ծրագրային քաղաքականությունը՝ նշելով, որ 2013 թվականի պետական բյուջեով ծրագրված է իրականացնել 50 առողջապահական ծրագրեր, որոնց աճը 2012 թվականի համեմատ կկազմի 7.8 %: Կառուցվածքային առումով պլանավորված ծախսերի 73 %-ը ուղղվելու է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ծառայությունների փոխկապակցված զարգացմանը: Կարեւորվելու է առողջապահական ծրագրերի արդյունավետության, նպատակաուղղվածության, հասցեականության մակարդակի բարձրացումը: Այդ նպատակով 2013 թվականին ընդլայնվելու են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման, ոլորտի ֆինանսական հոսքերի կառավարման, արդյունավետության բարձրացման քայլերը, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել եւ առավել կանխատեսելի դարձնել բուժօգնության եւ սպասարկման համար ազգաբնակչության կողմից կատարվող ծախսերը, լեգալացնել առկա ստվերային վճարները, թափանցիկ դարձնել ֆինանսական հոսքերը, եւ դրանք հստակ մեխանիզմներով ուղղել բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը:

Պարոն Դումանյանի խոսքով՝ 2013-ին առողջապահության ոլորտի հիմնական թիրախը շարունակելու է մնալ բուժօգնության առաջնային օղակի զարգացումը, ինչի համար պլանավորված է ծախսել 24 մլրդ դրամ: Ամբուլատոր պոլիկլինիկական օղակում պլանավորված է մշակել Հայաստանում առավել բարձր մահացության բերող սրտանոթային, ուռուցքաբանական եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման մի շարք ծրագրեր, որոնք կուղեկցվեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժանձնակազմի կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրության համակարգի ներդրմամբ:

Նախատեսվում է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի 13 համայնքներում կառուցել նոր ամբուլատորիաներ:

Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու նպատակով կհատկացվի 4 մլրդ դրամ, ընդ որում՝ հոգեկան հիվանդությունով տառապող անձանց, չարորակ նորագոյացությունների, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետի բուժման համար ձեռք են բերվելու նոր սերնդի դեղեր:

Դերենիկ Դումանյանը նշեց, որ Երեւանում եւ մարզերում կատարելով միեւնույն հատկացումները՝ 2013-ին ակնկալվում է մարզերից Երեւան հոսքի կրճատում, ինչը կապահովի բյուջետային միջոցների տարածքային համաչափ բաշխում:

2013-ին կկառուցվեն Վանաձորի, Մեղրու բուժկենտրոնները, իսկ Աբովյանի, Ղափանի, Բերդի եւ Ալավերդու բժշկական կենտրոնները կվերանորոգվեն եւ կվերազինվեն ամբողջությամբ:

Երեւանում կսկսվեն օնկոլոգիական նոր կենտրոնի շինարարության եւ հեմատոլոգիական կենտրոնի վերանորոգման եւ վերազինման աշխատանքները, որի համար կտրամադրվի 10 մլրդ դրամ:

Նույն օրը Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրին «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված սոցիալական ոլորտի ֆինանսական ցուցանիշները եւ ծրագրերը:

Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 303 մլրդ 206 մլն դրամ կամ 2012 թվականի պետական բյուջեով հաստատվածից 4 մլրդ 112 մլն դրամով պակաս: «Սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 18 մլրդ 986 մլն դրամ, իսկ «Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 101.6 մլն դրամ: Տեղեկացվեց, որ «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է տրամադրել 9 մլրդ 867 մլն դրամ. աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 345.8 դրամ՝ 2012 թվականի 31 254.5 դրամի դիմաց: «Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագրով նախատեսվում է տրամադրել 4 մլրդ 880.4 մլն դրամ: Թաղման նպաստի չափը պահպանվել է 200 հազ. դրամի սահմաններում: «Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրի ծախսը, պահպանելով 2012 թվականի համար նախատեսված չափը, կազմում է 37 մլրդ 105.8 մլն դրամ: Ծրագրով նախատեսվող նպաստառուների թվաքանակը կազմում է 104 685 ընտանիք, իսկ նպաստի միջին ամսական չափը՝ 29 537.8 դրամ: «Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 419.2 մլն դրամ՝ պահպանելով երեխայի խնամքի նպաստի ամսական չափը՝ 18 000 դրամ: Ծախսերը 2012 թվականի նկատմամբ աճում են 43.2 մլն դրամով, որը պայմանավորված է նպաստ ստացողների թվի աճով: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվում է 4 մլրդ 625 մլն դրամ. ծախսերը 2012 թվականի նկատմամբ աճում են 63 մլն դրամով, որը պայմանավորված է երեխաների ընդհանուր թվաքանակում 3-րդ եւ ավելի երեխաների տեսակարար կշռի աճով: «Գործազրկության նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 589.3 մլն դրամ՝ գործազրկության նպաստի ամսական չափը պահպանելով 18 հազ. դրամի մակարդակում: «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով կծախսվի 1.7 մլրդ դրամ (պահպանվել է 2012 թվականաի համար նախատեսված չափը): «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմում եւ այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության տրամադրում» ծրագրով ծախսը կազմում է 8 մլրդ 279.9 մլն դրամ` պահպանելով 2012 թվականի մակարդակը: «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի ծախսը կազմում է 19 մլրդ 531.5 մլն դրամ` 2012 թվականի 18 մլրդ դրամի դիմաց:

Նախարարի տեղեկացմամբ՝ 2013 թվականի համար կառավարության կողմից գերակա են համարվել՝ կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ հաշմանդամների իրավունքների ապահովման հետ կապված ծրագրերը: