National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.11.2012
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Նոյեմբերի 15-ին խորհրդարանը շարունակեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Խմբակցություններն իրենց տեսակետներն ու դիրքորոշումն արտահայտեցին օրենքի նախագծի վերաբերյալ:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա իր ելույթում անդրադարձավ պատգամավորների կողմից հնչեցրած տեսակետներին: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՆԱ-ի եւ գնաճի հաշվարկներում ցուցանիշների կեղծման տարբեր մեթոդներ են կիրառվում՝ Աժ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը երկար ժամանակ է, որ անդամակցում է միջազգային այնպիսի համակարգերի, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ որոնց անդամակցելը ըստ նրա՝ այդքան էլ դյուրին չէ: Այն, որ ամբողջ աշխարհն ընդունում եւ ճանաչում է այդ համակարգերը՝ որպես վիճակագրության որակական համակարգը մեթոդաբանական փաստող կառույցներ, իսկ Հայաստանի անդամագրումն այս համակարգերին խոսում է վիճակագրության արժանահավատության մասին, լիովին հակասում են պատգամավորների հնչեցրած անհիմն տեսակետներին: Անդրադառնալով աշխատավարձերի իրական աճին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ այս տարիների ընթացքում աշխատավարձերի զարգացումների վերաբերյալ նշվող ցուցանիշները չեն համապատասխանում իրականությանը, որը եւս մեթոդաբանական սխալ է:

2012 թ-ին գնաճի պայմաններում անվանական աշխատավարձերի կուտակային աճը 2007-ի համեմատ կազմել է 53.3 տոկոս, իսկ կուտակային գնաճը՝ 34.4 տոկոս, որի արդյունքում եղել է աշխատավարձերի աճ:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ 2010 թվականից բյուջեի էլաստիկության ցուցանիշները բարձր են եղել 1-ից, որը համապատասխանել է կոնսոլիդացիայի քաղաքականությանը: 2013-ից բյուջեի ծախսերի եւ հարկերի էլաստիկությունը կլինի 1-ից բարձր: Բյուջեի կառուցման հիմքում հարկաբյուջետային քաղաքականությունն է՝ որպես մակրոտնտեսական քաղաքականության կարեւոր տարր:

Այնուհետեւ ելույթներ ունեցան խմբակցության ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը: Խմբակցությունը 75 կետից բաղկացած առաջարկություն է ներկայացրել կառավարությանը: Պատգամավորը, անդրադառնալով բյուջեի նախագծին՝ որպես քաղաքական փաստաթուղթ, նշեց նրա առաջնահերթությունները, թե որքանով է այն համահունչ երկրում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ կոռուպցիան առկա է բոլոր ոլորտներում, եւ այն համակարգային բնույթ ունի:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը, նշելով որ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաեւ 2013թ-ի պետական բյուջեն համարժեք չեն երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին ու չեն նպաստում ՀՀ ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը: Պատգամավորի գնահատմամբ՝ բացակայում է մասշտաբային մտածողությունը, գործադրվում է գների մակարդակի անարդյունավետ համակարգ: Նա նաեւ անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում տարվող քաղաքականությանը՝ նշելով, որ մի շարք ուղղություններ արտացոլված չեն:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հեղինե Բիշարյանը: Նա անդրադարձավ նվազագույն աշխատավարձին, նշեց, որ թեեւ այն նվազագույն է, եւ լիարժեք չի կարող բավականացնել, սակայն տարեցտարի կդառնա ավելի շոշափելի: Տեղական ինքնակառավարման ոլորտում Հեղինե Բիշարյանը կարեւորվորեց համայնքների պետական բյուջեի դոտացիաների համամասնությունների պահպանումը, որը լուրջ օժանդակություն է համայնքների խնդիրների լուծմանը: ՕԵԿ խմբակցության խեկավարը նշելով, որ ամեն տարի այդ գումարների չափը պահպանվում կամ ավելացվում է, իսկ համայնքների զարգացման ցուցանիշները շատ դանդաղ են աճում՝ առաջարկեց ավելացնել հսկողությունը տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային ծախսերի նկատմամբ:

ՕԵԿ-ի առաջարկությունների մի մասը վերաբերում է քաղաքաշինության տարբեր, մասնավորապես համայնքներում դպրոցաշինության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում իրականացվող շինարարական ծրագրերին: Կարեւորվում է նաեւ փոքր եւ միջին գործարար ոլորտի բարելավումը, որին կնպաստի արտոնագրային վճարների շեմի բարձրացումը:

Հեղինե Բիշարյանի խոսքով՝ 2013թ բյուջեն չի կարող լուծել այն բազում խնդիրները, որ այսօր առկա են, սակայն կառավարությունը եղած խնդիրները լուծելու եւ սոցիալական լարվածությունը թուլացնելու համար կներգրավի այլ ռեսուրսներ ու ֆինանսական գործիքներ: Նա տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Բացասական արտահայտվելով նախագծի վերաբերյալ, նա նշեց, որ ամբոխավարությունն իրենց կողմից չէ: Պատգամավորն անթույլատրելի համարեց մատակարարների սուբսիդավորումը, բյուջեի դեֆիցիտի իջեցումը: Հրանտ Բագրատյանն անընդունելի համարելով բյուջեի նախագիծը՝ նշեց, որ դեմ են քվեարկելու:

ԲՀԿ տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա գնագատմամբ՝ բյուջեն ժողովրդի կենսամակարդակի բարձրացման խնդիրը չի լուծում: Պատգամավորի խոսքով՝ աղքատությունը խորանալու է, արտագաղթը շարունակվելու, քաղաքացու սոցիալական վիճակը մնալու է ծանր, իսկ կենսամակարդակը՝ շատ ցածր: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալայանը:

Նա նշեց, որ 2013թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումն արձանագրեց խորհրդարանական գործընթացի առանձնահատուկ բարձր նշաձող՝ ինչպես հանձնաժողովների համատեղ նիստերում, այնպես էլ լիագումար նիստում : Նրա համոզմամբ՝ աննախադեպ ակտիվության պայմաններում փաստաթուղթը ենթարկվեց խորքային քննարկման, մասնագիտական խորը վերլուծության, սուր հարցադրումների, որը վայել է երկրի տարվա գլխավոր ֆինանսական նախագծին: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ անտրամաբանական է մտածել, թե ինչ-որ մեկը դահլիճում դեմ է կամ՝ կա հնարավություն եւ չի արվում ավելին, չեն բարձրացվում աշխատավարձերը, կենսաթոշակները կամ այս կամ այն ոլորտին տրվող ծախսերը: Հակառակը, նրա համոզմամբ՝ կարող էին բարձրացնել աշխատավարձերը եւ դրանով հսկայածավալ ընտրազանգված գրավել, սակայն չեն ցանկանում կորցնել երկիրը, շեղվել տնտեսության զարգացման ուղուց: Երկրի համար առաջնահերթ են տնտեսության կայունությունը եւ զարգացումը, եւ ոչ թե պահի թելադրանքով լուծումները: Փոխնախագահը վստահեցրեց, որ 2013-ը կլինի առաջընթացի տարի, եւ կիրականացվեն ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի՝ հանրապետության նախագահի առաջարկած ծրագրերը:

Եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետն իր ելույթում շնորհակալություն հայտնեց խորհրդարանականներին շահագրգիռ եւ օգտակար քննարկումների համար : Նա նշեց, որ 2013-ին կառավարության խնդիրն է լինելու զերծ պահել բնակչությանը ցնցումներից եւ արտաքին ռիսկերից, որը համարվում է լրջագույն խնդիր՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը: Վարչապետի խոսքով՝ կառավարությունն ունի պատասխանատվություն եւ գերխնդիրն է լինելու երկիրը զերծ պահել ավելորդ վտանգներից: Նա նշեց, որ հանրության մեջ կան նաեւ դժգոհություններ, եւ իրենք հավակնություն չեն ունեցել ներկայացնելու բացարձակ ճշմարտությունը, եւ միշտ պատրաստ են այդ հիմքի վրա երկխոսության: Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը ստեղծում է հիմք, որ 2013-ին կատարեն արմատական բարեփոխումներ, այդ իսկ պատճառով կառավարությունը չի ստանձնում ռիսկային պարտավորություններ: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց քննադատությունների համար: Կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ եւ Ժառանգություն խմբակցություններին՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցելու համար՝ նշելով, որ այն առաջարկությունները, որոնք հնչեցրել են, իրենց համար ընդունելի են: «Համոզված եմ, որ այս առաջարկությունն օգնելու է մեզ հակակոռուպցիոն ծրագիրը դարձնել ավելի արդյունավետ»-, նշեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանն իր համաձայնությունը հայտնեց այն քննադատություններին, որ պետությունը դեռեւս չի կարողանում անհրաժեշտ չափով ֆինանսավորել գիտությանը եւ պատրաստ են քննարկել հարցը, զատել այն միջոցները, որոնք կտան դրական արդյունք ու կավելացնեն գիտության ֆինանսավորումը:

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգով, նիստում հրապարակեց թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշումը: Պատգամավորի՝ էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ դիմումը, ինչպես նաեւ ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունն էր ներկայացրել քաղաքացի Վարդգես Գասպարին: Եւս երկու դիմում՝ ներկայացված Մյասնիկ Պատվականյանի եւ Մարիետա Սարդարյանի կողմից, հանձնաժողովը մերժել էր քննարկել՝ անհրաժեշտ հիմքերի բացակայության պատճառով:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանի գնահատմանը ներկայացրեց պալատի 2013 թ. գործունեության տարեկան ծրագիրը: Ընթացիկ տարում ուսումնասիրելով տարբեր ոլորտներ եւ 154 հաշվետվություններ՝ Վերահսկիչ պալատը գնահատել է խոցելի բնագավառները, կոռուպցիայի ու չարաշահումների պատճառները եւ դրանք էլ հիմնականում դարձրել 2013 թ.-ի ուսումնասիրության առարկա: ՎՊ-ն առանձնացրել է ուսումնասիրության 17 ուղղություն, ծրագրի թիրախը, ըստ իշխան Զաքարյանի, գնումների համակարգն է ու քաղաքաշինության ոլորտը: Վերլուծությունը մասնագետներին բերել է համոզման, որ հենց այս երկու ոլորտներում են հիմնականում փոշիանում բյուջետային միջոցները, կատարվում անարդյունավետ ծախսեր: ՎՊ նախագահը նշեց, որ թեեւ թվային արտահայտությամբ ոլորտները նվազել են, բայց առավել ընդգրկուն են դարձել եւ խորությամբ են ուսումնասիրվելու: Ծրագրով նախատեսվում է ուսումնասիրություններ կատարել մի շարք նախարարություններում, ինչպես նաեւ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության աշխատակազմերում: 2013 թ. ծրագրում կրկին ընդգրկված է կենսաթոշակների եւ նպաստների համակարգը՝ որպես շարունակական գործընթաց: Նախատեսվում է ուսումնասիրել բնապահպանության բնագավառը, այդ թվում նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: Առաջին անգամ ՎՊ նախագահը ծրագիրն առանձին քննարկել է խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ, լսել նրանց առաջարկներն ու դիտողությունները: Իշխան Զաքարյանի խոսքերով՝ իրենք բաց եւ թափանցիկ գործելաոճ են որդեգրել, խորհրդարանի հետ առավել սերտորեն են համագործակցելու՝ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավորի պալատի խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն տալով:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձան թե նոր ոլորտներ վերահսկելու խնդրին, թե ստուգող-վերահսկող կառույցների գործառույթների հստակեցմանը, թե պալատին նոր լիազորություններ տալու անհրաժեշտությանը:

Հարակից զեկույցով գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը ծրագրի վերաբերյալ: Նա ողջունեց խորհրդարանի հետ համագործակցությունն ուժեղացնելու Վերահսկիչ պալատի նախաձեռնությունը: Միաժամանակ նկատեց, որ ուսումնասիության թեմաները բազմաթիվ են, պետք է ընտրել նրանք, որտեղ խնդիրներն առավել համակարգային են: ՎՊ խորհրդի նիստերին պատգամավորների մասնակցությունը, բանախոսի համոզմամբ, օգտակար կլինի չարաշահումները բացառելու նպատակով օրենսդրական շտկումներ կատարելու գործում:

ԱԺ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի օգոստոսի 7-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Սահմանային անցակետեր եւ ենթակառուցվածք (Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագիրը՝ 2012 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված պայմանագրի փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագրում կատարված փոփոխություններով հանդերձ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ պայմանագիրը Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագիր է՝ ներառյալ Հայաստանի տարածքում ելակետային ճանապարհների եւ հարակից ենթակառուցվածքների բարելավումը: Վարկի գումարը 30 մլն 316 հզ եվրո է, որի մարման ժամկետը 4-25 տարի է: Փոխնախարը տեղեկացրեց նաեւ, որ պայմանագիրը ստորագրելուց հետո նկատվել է ՀՀ-ի համար ոչ այնքան նպաստավոր պայման, որը Եվրոպական ներդրումային բանկի ընդառաջմամբ փոփոխվել է եւ կցվել պայմանագրին:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների եզրակացությունը ֆինանսական պայմանագրի վերաբերյալ դրական էր:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ 2012 թվականի մայիսի 10-ին եւ 2012 թվականի մարտի 12-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» եւ 2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված? Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի տեղեկացմամբ՝ առաջին համաձայնագրի նպատակը տեխնիկական նկարագրի փոփոխությունն է, այն է՝ առաջին փուլում 2,1 մլն եվրո խնայողությունը ուղղել 6 նոր շարժավագոններ ձեռք բերելուն: Երկրորդ համաձայնագրի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումներ՝ Երեւան քաղաքի մետրոյի համակարգը վերակառուցելու համար, ինչը ծրագրի երկրորդ փուլն է:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների եզրակացությունը համաձայնագրերի վերաբերյալ դրական էր:

Ազգային ժողովը քննարկեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նախագծով առաջարկվում է սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման նպատակով ներառել համախառն եկամտի մեջ` որպես այդ սուբսիդիաների ստացման դիմաց կատարվող` ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքներից ստացվող հասույթ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհներն ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չդիտարկել միայն այն դեպքերում, եթե դրանց դիմաց գումարներ ստացողների մոտ ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն չի առաջանում:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախագծով նախատեսվում է սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնի, սեւ մետաղից պատրաստված խողովակների եւ դրանց կցամասերի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար սահմանել բազային տուրքի 80-ապատիկի, իսկ գունավոր մետաղների ջարդոնի յուրաքանչյուր տոննայի արտահանման համար` բազային տուրքի 250-ապատիկի չափով պետական տուրքեր:

Այս նախագծի վերաբերյալ նույնպես դրական էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը:

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Նախագծով առաջարկվում է արտոնագրային վճար վճարող համարվելու համար նախապայման հանդիսացող տարեկան իրացման շրջանառության 6 մլն. դրամի շեմը բարձրացնել մինչեւ 9 մլն. դրամ, միասնականացնել արտոնագրային վճարի օբյեկտ համարվող գործունեության տեսակներով զբաղվող բոլոր սուբյեկտների (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) մասով արտոնագրային վճարներ կատարելու (արտոնագրեր ստանալու) ժամկետները, արտոնագրային վճարների համակարգում ներառել եւս վեց գործունեության տեսակներ, սեզոնայնության գործոնով պայմանավորված` բացօթյա վայրերում հանրային սննդի գործունեության կազմակերպման որոշ ամիսների մասով սահմանել արտոնագրային վճարի առավել ցածր դրույքաչափեր:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը: Ընդհատված վերջին հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյա նիստում: 


15.11.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 15-ին ընդունեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց այն պատմական բարեկամական հարաբերությունները, որոնք առկա են հայ եւ լատիշ ժողովուրդների, երկու երկրների միջե...

15.11.2012
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց նոյեմբերի 9-12-ը Պրահայում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքների արդյունքները: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ նստաշրջանի ընթացքում տեղի են ունեց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am