National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
19.11.2012
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում հայկական պատվիրակությունը նախաձեռնել էր քննարկում
1 / 6

Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  հայկական պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության(ԳՄՀԸ) աջակցությամբ, նոյեմբերի 19-ին նախաձեռնել էր համաժողով-քննարկում՝ կառավարության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը համաժողովի բացմանը նշեց, որ քննարկման նպատակն է լսել քաղաքացիական հասարակության եւ գործադիր իշխանության տեսակետները հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ. հերթական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում: Այս հանձնաժողովը մշտապես գործող խորհրդարանական ձեւաչափ է՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունները խորացնելու, համագործակցության օրակարգային հարցերի ընթացքը մշտադիտարկելու, Հայաստանի ստանձած պարտավորությունների կատարմանն ու բարեփոխումներին նպաստելու, ինչպես նաեւ՝ քաղհասարակության հետ երկխոսությունն առաջ մղելու առաքելությամբ: Հայկական պատվիրակության ղեկավարը փաստեց, որ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է, եւ Հայաստանն ակտիվորեն է ներգրավված ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերում: Այս համատեքստում Սամվել Ֆարմանյանն անցնող տարին խիստ հագեցած համարեց՝ առանձնացնելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, էական առաջընթացը ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգրի կենսագործման հարցում: Տարին աչքի է ընկել նաեւ Երեւան-Բրյուսել բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով ու քաղաքական երկխոսության ընդլայնումով եւ մասնագիտական անդրադարձերով: Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու հարցում հանձնաժողովի համանախագահը կարեւոր համարեց նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական կառույցի՝ «Եվրանեսթի» գործունեությունը: «Խորհրդարանականների անկեղծ ցանկությունն է լսել քաղաքացիական հասարակության տեսակետները, առաջարկությունները, նոր գաղափարները, նաեւ՝ ծանոթանալ կառավարության մոտեցումներին»,-նշեց Սամվել Ֆարմանյանը:

Այս նախաձեռնությունն օգտակար ու արդյունավետ գնահատեց Հայաստանի ազգային պլատֆորմի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Նա Արեւելյան գործընկերությունը համարեց համաեվրոպական արժեքները սեփական երկրում ներդնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու լավ հնարավորություն եւ մանրամասնեց ազգային պլատֆորմի գործունեության հիմնական ուղղությունները: Իսկ համատեղ ծրագրերը, Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ, կզարգացնեն հարաբերությունները ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաեւ կապահովեն համագործակցություն հարեւան երկրների միջեւ:

Քննարկման մասնակիցներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթթը: Տրայան Հրիստեան, ողջունելով այս ձեւաչափով քննարկումները, դրանք համարեց ամուր հիմք ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու համար: Նրա բնորոշմամբ՝ ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհին դրական քայլերն ակնհայտ են, ինչը վկայում է բանակցությունների՝ ճիշտ ուղով ընթանալու եւ բարեփոխումները Հայաստանում շարունակելու անհրաժեշտության մասին: Բարեփոխումների հաջողման գործում բանախոսը կարեւոր համարեց թե քաղաքացիական հասարակության, թե իշխանությունների, թե լրատվամիջոցների նպաստը: «Խորհրդարանը իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությունն ապահող կամուրջն է»,-ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը` հավելելով, որ Ազգային ժողովն անելիքներ ունի նաեւ Հայաստանի եւ Եվրամիության օրենսդրությունները ներդաշնակեցնելու գործում՝ պայմանավորված Արեւելյան գործընկերության գործողությունների նոր ծրագրով ու Ասոցացման համաձայնագրով: Տկն. Դագմար Բոթթը եւս համոզմունք հայտնեց, որ խորհրդարանականների այս նախաձեռնությունը կբացահայտի նոր գաղափարներ ու մտքեր, կնպաստի, որ Հայաստանում բարեփոխումներն ընթանան բնակչության պահանջներին համահունչ:

Բրյուսելում անցկացվելիք նիստի օրակարգային հարցերը հաշվի առնելով՝ համաժողովում հնչեց երեք ելույթ: Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության օրակարգը, բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները ներկայացրեց ԱԳՆ Եվրամիության բաժնի պետ Մհեր Մարգարյանը: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը մանրամասներ հաղորդեց Հայաստան-ԵՄ համագործակցության տնտեսական բաղկացուցչի մասին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ 2012-2013 թթ. համապետական ընտրություններին:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ ԱԺ բոլոր խմբկացություններից: Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ բոլորի նպատակադրումները նույնն են, տարբեր կարող են լինել դրանց իրականացման ընթացակարգերը միայն: Հայկական պատվիրակության ղեկավարը հույս հայտնեց, որ համագործակցությունը խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության միջեւ կկրի կառուցվածքային բնույթ:


19.11.2012
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ խորհրդարանում
Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենին: Ողջունելով հյուրերին՝ Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am