Տպել
28.11.2012
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդունեց Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին ընդունեց Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային: Ողջունելով տիկին Բայրամովայի այցն Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, նա համոզմունք հայտնեց, որ այս այցը նոր թափ կհաղորդի փոխգործակցությանը, որի համար առկա է լայն դաշտ:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը՝ նշելով, որ դրա աշխուժացումը կնպաստի երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության խորացմանը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորեց Թուրքմենստանի որդեգրած չեզոք դիրքորոշումը շատ հարցերում՝ համանման մոտեցում ակնկալելով նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Նա բարձր գնահատեց այն հոգատարությունը, որ ցուցաբերում են Թուրքմենստանի իշխանություններն այդ երկրում բնակվող շուրջ քսան հազար մեր հայրենակիցների հանդեպ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Կուրբանգուլ Բայրամովան Հայաստանի եւ Թուրքմենստանի հարաբերությունները որակեց որպես դինամիկ, դրականորեն զարգացող: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը՝ նա ընդգծեց նաեւ այն ներուժը, որն առկա է տնտեսական փոխգործակցության ոլորտում, մասնավորապես՝ էներգետիկ, քիմիական արդյունաբերությունների, գյուղատնտեսության բնագավառներում: Տիկին Բայրամովան հավաստիացրեց, որ Թուրքմենստանի չեզոքության քաղաքականությունն անփոփոխ է՝ համոզմունք հայտնելով, որ հակամարտությունների լուծումները նախ եւ առաջ պետք է գտնեն դրանցում ներքաշված կողմերը:

Երկուստեք ընդգծվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, հումանիտար եւ այլ բնագավառներում: