National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.11.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
30.11.2012
Տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» համաժողովը
1 / 10

Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ» խորագով համաժողովը, որին մասնակցում էին Աժ պատգամավորներ, քաղաքացիական հասարության ներկայացուցիչներ, Եվրանեսթ ԽՎ-ի, Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին եւ արդյունավետ աշխատանք ցանկացան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրեդ Մարտենսը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշեց.

«Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ

հարգարժան պարոն Ուիլֆրիդ Մարտենս,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք, ի սկզբանե, իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ բոլորիդ եւ, հատկապես, ԵԺԿ-ի նախագահ Մարտենսին՝ ՀՀ Ազգային ժողովում քաղաքացիական հասարակության հետ հանդիպման այս կարեւոր միջոցառմանը ներկա գտնվելու համար:

Եվրոպական ժողովրդական կուսակցության դերը մեծ է Եվրոպական Միության կայացման գործում, քանզի դրա արժեքներն ու սկզբունքները իրոք հանդիսացել են Եվրոպական նախագծի ստեղծման մղիչ ուժը:

Մեր երկրի՝ Հայաստանի համար, որը ես պատիվ ունեմ ներկայացնելու այսօրվա մեր այս հանդիպմանը, այդ նույն քրիստոնյա արժեքներն էին, որոնց շնորհիվ դարեր շարունակ մեր ազգը ոչ միայն պահպանեց իր ինքնությունը, այլ նաեւ վերապրելով արհավիրքներ եւ ցեղասպանություն՝ ձեռնամուխ եղավ պետականության վերականգնմանը: Եվրոպական արժեքներին դավանելու իր պատմական եւ մշակութային առաքելությամբ, Հայաստանի Հանրապետությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է Եվրոպայի եւ եվրոպական կառույցների հետ հարաբերությունների մերձեցման իր քաղաքականությունը:

Այսօր, Հայաստանը իր վարած հավասարակշիռ եւ կառուցողական քաղաքականությամբ, տարածաշրջանային կայունության կարեւոր գործոն է:

Այս համատեքստում պետք է դիտել նաեւ Հայաստանի երեք քաղաքական կուսակցությունների եւ, այդ թվում, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը:

Ուշագրավ է, որ մոտ 10 ամիս առաջ, Մարսելում՝ ողջունելով մեր մուտքը Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիք, պարոն Մարտենսը կանխատեսումներ արեց, որ այդ հանգամանքը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Հայաստանում լայնածավալ բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հարկ եմ համարում նշել, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախաձեռնություններն են ինչպես Արեւելյան գործընկերությունը, այնպես էլ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովը եւ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը, որի ներկայացուցիչները այսօր մեզ հետ են այս դահլիճում:

Ոմանք այս դահլիճում կարող են մտածել, որ սա մրցակցության դաշտ է ներկայացուցչական եւ մասնակցային ժողովրդավարության միջեւ: Ցանկանում եմ հենց սկզբից փարատել ձեր կասկածները. դրանք միմյանց լրացնող եւ միմյանց հարստացնող փոխգործակցության ձեւաչափեր են: Այն խորհրդարանները, որոնք հաջողությամբ առնչվում են քաղաքացիական հասարակության հետ, գործում են ավելի արդյունավետ: Բայց միեւնույն ժամանակ, մեր քաղաքացիական հասարակությանը ես կոչ կանեի դառնալ ավելի համախմբված եւ միասնական՝ հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են մեր պետական շահերին: Հակառակ դեպքում, դա կլինի մեզ համար աններելի շռայլություն:

Հետամուտ լինելով այս մոտեցմանը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ակտիվորեն եւ արդյունավետ փոխգործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Դրա վառ ապացույցն է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների գործուն շփումները ինչպես Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, այնպես էլ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչների հետ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:

Հայաստանում գործող Եվրամիության խորհրդատվական խմբի հետ միասին միայն վերջին չորս ամիսների ընթացքում մենք կազմակերպեցինք երեք խորհրդարանական լսումներ մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ:

Այս ամբողջը արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի գործունեությունը հանուն երկրի բարեկեցության եւ առաջընթացի: Մենք, պատգամավորներս, որպես ժողովրդի ընտրյալներ, դրանում ենք տեսնում մեր առաքելությունը: Մենք բոլորս պարտավոր ենք աշխատել հանուն ժողովրդավարության խորացման, որովհետեւ դա պետականության ամրապնդման, երկրի զարգացման եւ մեր հասարակության համար ավելի բարեկեցիկ երկիր կառուցելու միակ ճանապարհն է»:

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսն իր ելութում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին այս կարեւոր նախաձեռնության համար, հատկանշական համարելով, որ այն համընկնում է Երեւանում տեղի ունեցող Արեւելյան գործընկերության երկրների առաջնորդների գագաթնաժողովի, ինչպես նաեւ Ստոկհոլմում ընթացող Արեւելյան գործընկերության ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքների հետ: Նրա խոսքով՝ այն փաստը, որ համաժողովը տեղի է ունենում ՀՀ Ազգային ժողովում, շատ խորհրդանշական է: «Խոհրդարանը բոլոր քաղաքացիների տունն է, ոչ միայն նրանց, ովքեր ընտրվել են: Բոլոր քաղաքացիները, կազմակերպությունները, որոնք ներկայացնում են քաղաքացիական հասարակությունը պետք է հեշտությամբ կարողանան շփվել այդ տան հետ, այն պետք է լինի հնարավորինս թափանցիկ: Հատուկ շնորհակալություն Ազգային ժողովի նախագահին՝ խորհրդարանի դուռը քաղաքացիական հասարակության առջեւ բացելու, նման ներկայացուցչական միջոցառման համար»,-ասաց ԵԺԿ նախագահը:

Անդրադառնալով քաղաքացիական հասարակության էությանը՝ Վիլֆրեդ Մարտենսը նշեց, որ ինչ ուղղության էլ պատկանեն քաղաքացիական հասարակության նեկայացուցիչները, նրանք նախեւառաջ պետք է համոզված լինեն իրենց արածի, գաղափարների արդարացիության մեջ: Նրա խոսքով՝ ժողովրդավարության կայացման գործում յուրաքանչյուրն իր դերն ունի՝ թե ընտրված քաղաքական գործիչները, թե քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության տարբեր կառույցները: Վերջիններիս գործունեությունը էական նշանակություն ունի հիմնարար ազատությունների ու իրավունքների պաշտպանության, խաղաղ ու արդյունավետ ժողովրդավարության ապահովման, բարեփոխումների առաջընթացի, հակակոռուպցիոն պայքարի, գիտելիք եւ փորձագիտություն ներդնելու համար: Վիլֆրեդ Մարտենսի կարծիքով՝ քաղաքացիական հասարակությունը ոչ միայն կամուրջ է քաղաքացիների ու քաղաքական գործիչների միջեւ, այլ նաեւ փոփոխության քամի է բերում: «Չպետք է մոռանալ, որ շատ հեշտ է փոփոխություն ցանկանալ, սակայն երբեմն այն դժվար է իրականացնել: Ճնշում գործադրեք քաղաքական գորժիչների վրա, խրախուսեք, համագործակցեք նրանց հետ, խորհուրդներ տվեք, բայց երբեք մի մեղադրեք, որ փոփոխությունները արագ տեղի չեն ունենում»,-ասաց ԵԺԿ նախագահը:

ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին իր զեկույցում անդրադարձավ խորհրդարանական ուղղվածության հարթակներում քաղաքացիական հասարակության տարբեր կառույցերի հետ աշխատանքների համակարգման եվրոպական փորձին: Նա կարեւորելով քաղաքացիական հասարակության դերակատարությունը Եվրամիությանը մերձեցման առումով՝ առաձնացրեց երեք ուղղություն: Ըստ Յացեկ Սարիուս-Վոլսկու՝ քաղաքացիական հասարակությունը նախ կարեւոր է ժողովրդավարության, երկրորդը՝ եվրաինտեգրման, երրորդը՝ խորհրդարանական կյանքի համար: Նրա խոսքով՝ խորհրդային անցյալ ունեցող երկրներում հասարակությունը տուժել է՝ չունենալով քաղաքացիական հասարակություն, բացակայել է ինքնակազմակերպման որեւէ մեխանիզմ: Այժմ նրանց առջեւ ծառացած խնդիրն է լրացնել այդ բացը: ԵԺԿ փոխնախագահի համոզմամբ՝ ժողովրդավարության հասնելու հիմնական ուղին ասոցացման ազատությունն է, կոլեկտիվ շահի առաջմղումը, հանրության տեսակետների ու շահերի ներկայացումը: Նա կարեւորեց քաղաքացիական հասարակության դերակատարությունը բազմակուսակցական համակարգում, որը ստեղծում է հասարակության պատկանելիության զգացում:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության դերին եվրոպական ինտեգրման գործընթացում, ապա Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահն ընդգծեց, որ ԵՄ-ի նախաձեռնողները նախեւառաջ մտածում էին եվրոպական խաղաղության ու հասարակությունների մերձեցման մասին: Ըստ նրա՝ եվրաինտեգրումը կարելի է դիտարկել որպես ոչ միայն պետական կառույցների, այլ նաեւ մարդկանց, հասարակության մերձեցման առումով:

Յացեկ Սարիուս-Վոլսկու համոզմանբ՝ քաղաքացիական հասարակությունը զգալի դերակատարություն ունի խորհրդարանական կյանքի համար: «ԵՄ-ում խորհրդարանները բաց են քաղաքացիական հասարակության առջեւ, միշտ երկխոսության մեջ են նրանց ներկայացուցիչների հետ: Խոհրդարանում միշտ ձգտում են տեղեկանալ, թե հասարակությունն ինչ է մտածում, եւ այդ խնդրում խորհրդարանականներին մեծապես օգնում են քաղաքացիական հասարակության կառույցները: Պատգամավորները միշտ շփման մեջ են հասարակության ներկայացուցիչների հետ, որը հանգեցնում է ժողովրդավարության համախմբման»,-նշեց բանախոսը: Նրա խոսքով՝ եթե երկրները ցանկանում են լինել ԵՄ անդամ, ապա կարեւոր է, որ դրանց հասարակությունները շփման մեջ լինեն Եվրամիության տարբեր երկրների քաղաքացիական հասարակությունների հետ:

«Խորհրդարանական ուղղվածությունը եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ եւ փորձ. Վրաստանի փորձը» զեկուցմամբ հանդես եկավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ Դավիթ Դարչինաշվիլին:

Զեկուցողները պատասխանեցին համաժողովի մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Այնուհետեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճից ինտերնետային տեսակամուրջ հաստատվեց Ստոկհոլմում Արեւելյան գործընկերության ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի մասնակիցների հետ: Տեսակամուրջի ընթացքում կողմերն անդրադարձան Արեւելյան գործընկերության ճանապարհային քարտեզագրմանը եւ մուտքի արտոնագրի դյուրացմանն ու ազատականացմանը, կարեւորվեց պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Տեսակամուրջի ավարտից հետո ելույթ ունեցավ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը: Խոսելով Հայաստանում Արեւելյան գործընկերության ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական ազգային պլատֆորմից՝ Արմեն Ալավերդյանը նկատեց, որ գտնվելով ճգնաժամի մեջ՝ հայկական ազգային պլատֆորմը կարողացել է հաղթահարել այն, եւ այս առումով Հայաստանի դրական փորձը կարող է կիրառելի լինել Արեւելյան գործընկերության ծրագրի Քաղաքացիական հասարակության ֆորումի այլ մասնակից երկրների պլատֆորմներում:

Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ընդգծեց, որ այս նախաձեռնությունը տեղի է ունենում Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսին՝ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու եւ ելույթ ունենալու համար, ինչպես նաեւ վեհաժողովի բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին:


30.11.2012
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
ԱԺ մշտական հանձնաժողովները նոյեմբերի 30-ին նիստեր գումարեցին: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ ...

30.11.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:...

30.11.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: Հանդիպմանը ներկա էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին: Ողջունելով ԵԺԿ նախագահին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ մեկ տարվա ընթացքում պարոն Մարտենսի երկրոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am