Տպել
16.02.2013
Թուրք լրագրողներն այցելեցին Հայաստանի խորհրդարան
1 / 1

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Թուրքիայի շուրջ տասը լրատվամիջոցների թղթակիցների հետ: Ողջունելով թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան՝ Հերմինե Նաղդալյանը մեծապես կարեւորեց նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել:

Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչ Բուրսու Բեսերմենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա լրագրողական փոխայցելություններն իսկապես մեծ հնարավորություն են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց ունենալու տեսանկյունից:

Ծավալված հարցուպատասխանի ժամանակ թուրք լրագրողներից մեկն իր զարմանքն արտահայտեց այն կապակցությամբ, որ Հայաստանում նախագահական ընտրություններին ընդամենը երկու օր է մնացել, իսկ փողոցներում այդքան հանգիստ է, խաղաղ. ոչ մի անկարգություն չի նկատել: ԱԺ փոխնախագահն ի պատասխան նշեց, որ դա այն մեծ աշխատանքի վկայությունն է, որ Հայաստանում կատարվել է ժողովրդավարության ճանապարհին: «Նախկինում մենք էլ, լինելով եվրոպական տարբեր երկրներում, զարմանում էինք, թե ինչքան խաղաղ է անցնում այդ կարեւորագույն իրադարձությունը: Այսօր այդպես է նաեւ Հայաստանում»,- մեկնաբանեց Հերմինե Նաղդալյանը՝ ավելացնելով, որ հետեւողական աշխատանքը վստահաբար հաջողություն է ունենում:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հարցին՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Թուրքիայից քալերի ոչ միայն Հայաստանն ու միջազգային հանրությունն են սպասում, այլեւ, իր խորին համոզմամբ, նաեւ հենց թուրք ժողովուրդը: Նա նաեւ տեղեկացրեց թուրք լրագրողներին, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում, չնայած որ բազմաթիվ անգամներ դրանք հանելու առաջարկ է հնչել: Հերմինե Նաղդալյանը շեշտեց՝ Թուրքիան Եվրոպայի միակ երկիրն է, որ փակ սահմաններ է պահում մեկ այլ երկրի հետ, եւ միաժամանակ հույս հայտնեց, որ թուրք հասարակության նոր սերունդը խնդրին ի վերջո այլ կերպ կնայի:

«Թըդեյս Զաման»-ի թղթակից Մուստաֆա Էդիբ Յիլմազը նշեց, որ ինքն անձամբ մեծ վիշտ է ապրում 1915 թ. դեպքերի կապակցությամբ՝ ավելացնելով, որ թուրք հասարակության մեջ իսկապես այսօր զարթոնք կա. նոր սերունդը սկսել է հարցեր տալ: Նա նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում իշխանության քայլերը միանշանակ են ընդունվում հասարակության կողմից: Ի պատասխան, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ, իհարկե, կան այլ կարծիքներ եւս, բայց ՀՀ ղեկավարությունը կարողացել է անցնել վստահության այն ճանապարհը, որ իր որոշումներն ու քայլերն ընկալելի եւ ընդունելի լինեն սեփական ժողովրդի համար: ԱԺ փոխնախագահը նաեւ համոզմունք հայտնեց, որ երջանիկ է այն առաջնորդը, որ գործում է իր հասարակության անունից, անում է քայլեր, որոնք թելադրում են իր ժողովրդի միտքը:

Թուրք լրագրողները հետաքրքրվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից դուրս հարցերով, օրինակ՝ թե ինչպիսին են պայմանները կանանց համար հայ քաղաքական դաշտում: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ իր օրինակը երեւի թե այդ հարցի լավագույն պատասխանն է. հայ կինը մեծ ներուժ եւ հնարավորություններ ունի կայանալու թե քաղաքական կարիերայում, թե ընտանիքում:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի եւս:


16.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային եւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առ...

16.02.2013
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդունեց օտարերկրացի լրագրողների
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստան ժամանած մի խումբ օտարերկրացի լրագրողների: Ողջունելով նրանց այցը խորհրդարան՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ լրագրողները Երեւան են ժամանել Հայաստանի համար կարեւոր մի ժամանակաշրջանում՝ երկրի նախագահի ընտրության նախօրեին: «Հայաստ...