Տպել
29.07.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիին
1 / 3

Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ նշեց, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Կանադայի հետ հարաբերությունների զարգացմանը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերով: Նրա խոսքով` երկու երկրներն ունեն բարեկամության եւ համագործակցության բարի ավանդույթներ: ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում քաղաքական, մշակութային, կրթական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման գործում: Գալուստ Սահակյանի համոզմամբ` միջխորհրդարանական կապերի զարգացման գործում մեծ է բարեկամական խմբերի դերը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` կանադահայերը Կանադայի լիիրավ քաղաքացիներ են, իրենց տեսանելի ներդրումն ունեն կյանքի բոլոր բնագավառներում, եւ հայ համայնքը Կանադայի բազմամշակութայնության քաղաքականության հաջողված լինելու լավագույն ապացույցն է: Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Ջեյսոն Քեննիին հայ ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշման, աջակցության համար եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած կարեւոր ավանդի համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Կանադայի հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշումը հակամարտության կարգավորման խնդրում եւ շեշտեց, որ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գալուստ Սահակյանը Կանադայի իր գործընկերներին հրավիրեց 2015թ. ապրիլին Երեւանում կայանալիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողովին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ջեյսոն Քեննին կարեւոր համարեց հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նա շնորհավորեց Հայաստանի խորհրդարանին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ դառնալու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ այն կխթանի երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: Պարոն Քեննին բարձր գնահատեց կանադահայ համայնքի դերը Կանադայի զարգացման գործում՝ նշելով, որ լավ հարաբերություններ ունի հայկական կազմակերպությունների հետ, որոնք նրան պատվավոր հայ են կոչում: Ջեյսոն Քեննին նշեց, որ աշնանը Կանադայում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին վերաբերող պետական թանգարան է բացվելու, որտեղ մշտապես կգործի Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այլ հարցերի եւս:



29.07.2014
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության այցը Չեռնոգորիա
Հուլիսի 28-29-ը աշխատանքային այցով Չեռնոգորիայի Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձ...

29.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի շուրջ 120 մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այսպիսի ծրագրերը ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու հնա...