National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.8.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
17.08.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների այցը Տավուշի մարզ
1 / 12

Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում էին։

ՀՀ ԱԺ նախագահի եւ խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ էր։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվեցին համարժեք պատասխան եւ հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։  Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին նաեւ, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են եւ լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, եւ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է։ 

Պատվիրակության անդամների հետ ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում մարտական հերթափոխ իրականացնող զինվորներն ու սպաները վստահեցրին, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմադրելու եւ հակառակորդին հակահարված հասցնելու։ 

Զինվորների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Մովսես համայնքի բնակիչների հետ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ: «Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են մի գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Դուք Հայոց բանակի մի մասն եք, եւ անհրաժեշտության դեպքում մենք միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար»,- դիմելով համայնքի բնակիչներին՝ նշեց ՀՀ ԱԺ նախագահը:

Այնուհետեւ ԱԺ նախագահն ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ներկա գտնվեցին մեր երկրի սահմանները պաշտպանող զորամասերից մեկի՝ Մեհրաբի գնդի կազմավորման 14-ամյակի հանդիսավոր արարողությանը։ Ներկաները նշեցին, որ զորամասն իր մեծ ներդրումն ունի Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասները պաշտպանելու գործում եւ բարձր մարտունակության շնորհիվ կասեցնում է հակառակորդի ոտնձգությունները։ 

Խորհրդարանականները, շնորհավորելով զինվորներին եւ սպայական անձնակազմին տոնի կապակցությամբ, նշեցին, որ չնայած իշխանությունների հետ առկա խնդիրներին ու տարաձայնություններին՝ քաղաքական ուժերը միակամ են ժողովրդի եւ բանակի հետ երկրի անվտանգության պաշտպանության հարցում։

Զորամասի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ առաջիկայում օրենսդրական բարեփոխումների արդյունքում կլուծվեն սահմանամերձ համայնքների առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ։

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը եւ պատգամավորները եղան նաեւ սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն համայնքներում եւ դիրքերում: Հանդիպումների ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչները խորհրդարանականների հետ զրուցեցին իրենց մտահոգող հարցերի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ այս համայնքների բնակչության խնդիրները իշխանությունների ուշադրության կենտրոնում են, եւ ամեն ինչ արվում է խնդիրների լուծման ուղղությամբ։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ խոհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությանը եւ Տավուշի մարզ կատարած այցին՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն արժանի հարված կստանա Հայոց բանակի մարտիկների կողմից, եւ քաղաքական բոլոր ուժերը կմիավորվեն հայրենիքի պաշտպանության շուրջ ու արժանի հակահարված կտան հակառակորդին։ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայ ժողովուրդը ձեռք է բերել միավորվելու հատկանիշ, եւ քաղաքական ուժերն էլ հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում միշտ միավորվել են եւ կշարունակեն այդպես: Ըստ պատգամավորների՝ դժվարագույն պայմաններում ժողովուրդը եւ քաղաքական ուժերը համախմբվում են եւ արտաքին թշնամուն միշտ կարողանում են հակահարված տալ:

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպեցին սահմանամերձ Բերքաբեր եւ Բարեկամավան համայնքների բնակիչների հետ: Բարեկամավանում նրանք մասնակցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: 

Երկօրյա այցի ավարտին Տավուշի մարզի Բերդ համայնքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց Մեղրի եւ հատապտուղների փառատոնին: ՀՀ ԱԺ նախագահն այցելեց նաեւ Տավուշի պատմամշակութային թանգարան:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am