Տպել
27.01.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարին
1 / 4

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվար 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նախարարն այցի ընթացքում ոչ միայն հնարավորություն կունենա պաշտոնատար անձանց հետ քննարկելու հարցերի լայն շրջանակ, այլեւ ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը, ազգային սովորույթներին: Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա կարեւորել է փոխշահավետ համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում: Տնտեսական համագործակցության տեսանկյունից խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկկողմ նախագծերի, մասնավորապես Մեղրիի հէկ-ի եւ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծերի իրագործմանը: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:

Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում: Խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նաեւ ԻԻՀ բարձրաստիճան պատվիրակությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Ազգային ժողովի նախագահի դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Նախարարը նշել է, որ Իրանի կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը եւ խորացումը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարեւորել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանային խնդիրների հետ կապված Իրանի դիրքորոշումը չի փոխվել. հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ 2015 թվականին փոխայցելությունները կշարունակվեն՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության եւ համագործակցության խորացմանը:


27.01.2015
Բանակի օրվա առթիվ Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողների
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ` Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ...

27.01.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը հայ-գերմանական համագործակցությունը զարգաց...

27.01.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կ...

27.01.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, նշել է, որ Ազգային ժողովը հայ զինվորի եւ զինվորականի նկատմամբ միշտ դրսեւորել է իր ...