National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.3.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
28.03.2015
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, Կորյուն Նահապետյանի նախագահությամբ, մարտի 27-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ «ՀՀ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը (իրավիճակը, խնդիրները եւ զարգացումները)» թեմայով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման տարբեր մարմինների, մարզպետարանների, սահմանամերձ համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ խորհրդարանական լսումները նպատակ ունեն անդրադառնալ ՀՀ-ում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման եւ իրականացման գործընթացին, ոլորտում առկա խնդիրներին եւ մարտահրավերներին: Ըստ նրա՝ խորհրդարանական լսումների միջոցով կհաջողվի բազմակողմանի, խոր ու համապարփակ կերպով վեր հանել քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա առաջնային խնդիրներն ու բացթողումները, ստեղծել հարթակ՝ շահագրգիռ բոլոր կողմերի գաղափարների ու դիրքորոշումների ներկայացման, կարծիքների փոխանակման ու առաջարկների քննարկման համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը նշել է, որ քաղպաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով հանրապետությունում ստեղծված է բազմամակարդակ քաղպաշտպանության համակարգ, որում ընդգրկված են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ: Փրկարար ծառայության տնօրենը մանրամասն ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունքները, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական եւ հիմնական միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ Տիգրան Նաղդալյանն իր զեկույցում ընդգծել է, որ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը պետության կարեւորագույն գործառույթների շարքին դասվելուց բացի՝ հանդիսանում է նաեւ ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մաս: Նրա կարծիքով՝ տարածաշրջանում ստեղծված իրողությունները պահանջում են քաղաքացիական պաշտպանության բնագավառում առկա խնդիրների լուծման համար նոր մոտեցումների եւ մեթոդների կիրառում: Փորձագետն անդրադարձել է նաեւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորման, ոլորտի նկատմամբ իրականացվող ներքին եւ արտաքին վերահսկողության, բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության, պաշտպանական շինությունների կառուցման ու վերանորոգման, պետական նյութական պահուստի համալրման ոլորտներում առկա խնդիրներին եւ ներկայացրել դրանց արդյունավետ լուծմանն ուղղված առաջարկներ:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության ուսուցման գործընթացը՝ նշելով, որ համակարգի ներդրումը պետք է կատարվի դեռեւս վաղ տարիքում՝ նախադպրոցական տարիքից սկսած: Նա կարեւորել է կրթական համակարգում ներդրված համապատասխան ծրագրերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը: Պարոն Մաթեւոսյանը ներկայացրել է նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից կազմված մեթոդական ուղեցույցները, դասագրքերը եւ ուսումնաօժանդակ նյութերը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ Վլադիմիր Հակոբյանը, խոսելով քաղաքացիական պաշտպանության կազմակերպման մասին, նշել է, որ զինված ուժերի առաջնային գործառույթը պետության անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովումն է: Իսկ այս հարցի առնչությամբ ԶՈՒ-ի գործառույթը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների, քաղաքացիների տարհանման, որոնողափրկարարական եւ այլ միջոցառումներին մասնակցությունն է: Ըստ նրա՝ հակառակորդի հանկարծակի հարձակման եւ դրա սպառնալիքի, ինչպես նաեւ մարտական գործողությունների վարման եւ այլ դեպքերի ժամանակ հմուտ գործողություններ իրականացնելու նպատակով ԶՈՒ-ում պարբերաբար պլանավորվում եւ իրականացվում են համապատասխան վարժանքներ եւ ստուգումներ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ներկայացնելով մայրաքաղաքի քաղպաշտպանության ներկա իրավիճակը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները, նշել է, որ անցկացվել են մի շարք միջոցառումներ, շտաբային եւ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, ուսուցում են անցել նաեւ նոր պաշտոնատար անձինք, օբյեկտների ղեկավարներ ու տարբեր մասնագետներ: Ըստ նրա՝ ՏԿԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժինը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ինչի միջոցով էլ իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, կազմակերպվում է ստացված ահազանգերի արձագանքումը՝ համագործակցելով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ Երեւանի բոլոր հերթապահ ծառայությունների հետ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանն անդրադարձել է քաղաքացիների անվտանգության մի շարք խնդիրների, որոնք հիմնականում տեսանելի են սահմանամերձ համայնքներում: Ներջինիս կարծիքով՝ այդ համայնքներում գրեթե բացակայում են առաջին բժշկական օգնության հմտություններին տիրապետողները, ինչն աղետների ժամանակ կարող է խնդիրներ առաջացնել: Մյուս խնդիրը, նրա դիտարկմամբ, ապաստարանների ապահովումն է, ինչի առկայության դեպքում կարող են պատսպարվել համայնքների բնակիչները: Պարոն Դանիելյանը, որպես քաղաքացիների պաշտպանության կազմակերպման խնդիր, նշել է նաեւ մարդկանց տեղեկացվածության ոչ բավարար մակարդակը: Նրա կարծիքով՝ բնակիչներն աղետի ժամանակ պետք է հստակ պատկերացնեն իրենց քայլերի հաջորդականությունը:

Խորհրդարանական լսումների ընթացքում հարցուպատասխանի միջոցով ծավալվել է արդյունավետ եւ բազմաբովանդակ քննարկում, հրավիրվածները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մտահոգությունները, ինչես նաեւ նախանշվել են հետագա անելիքները:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ամփոփելով խորհրդարանական լսումները, նշել է, որ լսումների վերաբերյալ կազմվելու է համապատասխան զեկույց, որտեղ ամփոփվելու են ինչպես այսօրվա բանախոսների կողմից ներկայացված զեկույցները, այնպես էլ լսումների մասնակիցների կողմից հնչեցրած գաղափարներն ու տեսակետները, ինչպես նաեւ ոլորտում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված համապատասխան առաջարկություններ կներկայացվեն լիազոր մարմիններին:


28.03.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարություն
2015 թ. մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի /այսուհետ՝ Կողմեր/ համատեղ նիստը: Քննարկումների ընթացքում ուշա...

28.03.2015
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ պետական դումայի հանձնաժողովներն ավարտել են համատեղ նիստի աշխատանքը
Մարտի 28-ին Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջույն...

28.03.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Մարտի 28-ին հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ մի խումբ պատգամավորներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ականավոր հայորդու շիրմին: Գալուստ Սահակյանն այցելել է նաեւ Աշոտ Նավասարդյանի անունը կրող...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am