Տպել
31.03.2015
Տեղի է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը
1 / 5

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը:

Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ պարոն Սահակյանը մասնավորապես նշել է.

«Եվրոպայի տարածաշրջանի առաքելության հարգելի ղեկավար,

Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի հարգելի մասնակիցներ,

հարգելի հյուրեր,

Ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ շնորհակալություն հայտնում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովը Երեւանում անցկացնելու մեր հրավերն ընդունելու համար:

2012 թ.-ի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը:

Եկել էր ժամանակը, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ֆրանկոֆոնիան միավորող հարաբերությունները բարձրացնեինք եւ հասցնեինք խորհրդարանական ձեւաչափի աստիճանի, որի արդյունքում 2014թ.-ի հուլիսին Օտտավայում ՀՀ Ազգային ժողովին շնորհվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանը եւ մեր խորհրդարանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը:

Համերաշխության եւ հանդուրժողականության տարածքի կառուցման գործում մեծապես կարեւորելով կրթությունը եւ մշակույթների միջեւ երկխոսությունը՝ ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունն արտահայտվում է տարբեր միջոցառումներով:

Մասնավորապես, 2015 թ. մարտի 5-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում մեր խորհրդարանը կազմակերպեց «Ֆրանկոֆոնիա. մշակույթների երկխոսություն» թեմայով համաժողով, որին մասնակցեցին ֆրանսախոս ուսանողներ: Համաժողովը հիանալի հնարավորություն ընձեռեց տոնելու տարբեր մշակույթներից սնուցված ֆրանսերենի միջազգային օրը:

ՀՀ Ազգային ժողովի կողմից ֆրանսախոս ուսանողների մասնակցությամբ համաժողովի կազմակերպումն ուներ երկու նպատակ:

Նախ, այն ընդգրկված է նախորդ տարվա նոյեմբերին Դակկարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, որի գլխավոր թեման երիտասարդությունն էր՝ որպես խաղաղության վեկտոր եւ զարգացման դերակատար:

Երկրորդ՝ ՀՀ Ազգային ժողովը մտադիր է աջակցելու ֆրանկոֆոնիայի տարածքում երիտասարդության դերի արժեւորմանը. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիան, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, գիտության եւ կրթության նախարարությունների հետ, նախաձեռնել է Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի մի նախագիծ: Նման կառույցը ֆրանսախոս հայ երիտասարդների համար կարծիքների փոխանակման եւ երկխոսության հիանալի հարթակ կհանդիսանա եւ հնարավություն կընձեռի ծանոթանալու խորհրդարանական գործունեությանը:

Այս հավակնոտ ծրագրի իրականացման գործում մենք ակնկալում ենք նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գործուն աջակցությունը:

Հարգելի գործընկերներ,

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների ներկայիս համաժողովը տեղի է ունենում ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ ողջ աշխարհի համար կարեւոր իրադարձության նախաշեմին: 2015 թ.-ի ապրիլի 24-ին Հայաստանը եւ համայն առաջադեմ մարդկությունը կնշեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Խոսքը բացառիկ իրադարձության մասին է, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հիշատակվելու է մի ցեղասպանության հարյուրամյակ:

Ուղիղ մեկ դար առաջ՝ 1915 թվականին, թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման սոսկալի ծրագրի իրականացմանը: Տղամարդիկ, կանայք, երեխաները եւ ծերերը զոհ դարձան սարսափների, վայրագությունների եւ անմարդկային վերաբերմունքի՝ աչքի առաջ ունենալով ստույգ մահը կամ վերապրելու աղոտ հույսը:

Եվ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, ցեղասպանության զոհերի ոգեկոչումը եւ դրա դատապարտումն առավել քան արդիական է, քանի որ մեր օրերում եւս, ցավալիորեն, շարունակվում է մարդկության գլխին կախված մնալ ցեղասպանությունների կրկնության վտանգն այն պատճառով, որ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական ու կրոնական հողի վրա հիմնված ատելության եւ անհանդուրժողականության ամենատարբեր դրսեւորումները:

Ցեղասպանության ոճրագործության հաջորդ փուլը ցեղասպանության զոհերին մոռացության մատնելն ու այն ժխտելն է՝ հատկապես պետական մակարդակով եւ հատկապես ցեղասպանություն իրագործած պետության կողմից: Անցած 100 տարիների ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող իշխանությունները ոչ միայն քայլ անգամ չարեցին օսմանյան ռեժիմի օրոք իրականացված ցեղասպանության ճանաչման հարցում, այլ, ընդհակառակը, Հայոց ցեղասպանության մասին հորինեցին պետական կեղծիք՝ փորձելով պետականորեն վերափոխել պատմական փաստերը:

Տիկնայք եւ պարոնայք,

Կրկին ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, մաղթում եմ հաջողություններ ձեր աշխատանքում եւ հույս հայտնում, որ հնարավորություն կունենաք ծանոթանալու հինավուրց, բայց նաեւ երիտասարդ մեր երկրին»:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում անցկացնելու հրավերն ընդունելու համար՝ վստահեցնելով, որ Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի հարաբերություններում լիիրավ անդամի կարգավիճակը նոր էջ է բացում: Տիկին Եսայանը համոզմունք է հայտնել, որ հայկական պատվիրակությունը ՖԽՎ-ում ունի իր ուրույն դերակատարությունը: Նա նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովում ձեւավորված են ֆրանսախոսության լավագույն ավանդույթներ. պատգամավորների եւ ԱԺ աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվում են ֆրանսերենի ուսուցման դասընթացներ, ԱԺ պաշտոնական կայքէջը թարգմանվում է նաեւ ֆրանսերեն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջույնի խոսքում եւս կարեւորել է համաժողովի անցկացումը Երեւանում եւ անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը: Նա կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին եւ համաշխարհային մարտահրավերներին՝ արտգործնախարարը կարեւորել է նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում պայքարը մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության հաստատման համար:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ համաշխարհային մարտահրավերներին: Նա կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ պատմական արդարության հաստատումը: Պարոն Վահլն ընդգծել է, որ ապագա սերունդները պետք է իմանան ճշմարտությունը, որպեսզի նման ոճրագործություններն այլեւս երբեք չկրկնվեն:

Այնուհետեւ նիստի մասնակիցները լուսանկարվել են:

«Ֆրանկոֆոնիան Հայաստանում» թեմայի շրջանակներում ելույթներ են ունեցել Հայաստանի «Ալյանս ֆրանսեզի» եւ ֆրանսերենի դասավանդողների հայկական ասոցիացիայի տնօրեն Սյուզան Ղարամյանը, Հայաստանում ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությոան ներկայացուցիչ Ռուզաննա Ղալթախչյանը, ԵՊՀ միջազգային ֆակուլտետի ուսանողուհի Անի Մելքոնյանը, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լուսինե Նալբանդյանը:

Նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն:


02.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...

02.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Թե' Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե' որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ը...

02.05.2024
«Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
Գերծանրաբեռնված ավտոմեքենաներից վնասվող ճանապարհների հարցը եւ լուծման հնարավոր ուղիները «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման առանցքում էին:   Մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշ...

02.05.2024
Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը
2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի  24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1  քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագ...

02.05.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 13.05.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 17.05.2024 - 14:00-16:00:   1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 06.05.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 07.0...

02.05.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը: Ելույթնե...

02.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...

02.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը...