Տպել
31.07.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Հուլիսի 30-ին տեղի է ունեցել ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ կարեւորել է բարեկամական խմբի փոխգործակցությունը ոչ միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանության, այլեւ Միացյալ Նահանգների կոնգրեսականների հետ:

Ազգային ժողովում հայ-ամերիկյան բարեկամության պատգամավորական խմբի հետ հանդիպման ժամանակ դեսպան Միլսը նշել է. «Միացյալ Նահանգները մեծապես արժեւորում է Հայաստանի հետ իր բարեկամությունը եւ ուզում եմ հավաստիացնել,  որ  հայ-ամերիկյան ամուր  համագործակցության առջեւ դուռը մնում է բաց»:

«Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է գործակցել Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ` զարգացնելու ժողովրդավարական հաստատությունները, ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը մեր ռազմական համագործակցության միջոցով եւ ընդլայնելու մեր երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ու տիրույթները: Ազգային ժողովը միանշանակ կարեւոր գործընկեր է հայ-ամերիկյան կապերի խորացման հարցում, եւ մենք կաշխատենք առավել սերտորեն` ամրապնդելու մեր կապերը Հայաստանի օրենսդիր կառույցի հետ»,-նշել է Ռիչարդ Միլսը:

ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Հերմինե Նաղդալյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը եւ Արծվիկ Մինասյանը, կարեւորելով ԱՄՆ-ի հետ քաղաքական հարաբերությունները, ներկայացրել են բարեկամական խմբի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում էին ՀՀ ազգային անվտանգությանը, ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը, ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցությանը, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին եւ այլն:

Ամփոփելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպումը` ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը վստահեցրել է, որ ԱԺ պատգամավորների առաջադրած բոլոր հարցերը կքննարկվեն, կամփոփվեն եւ կձեւավորվի աշխատանքային օրակարգ՝ հետագայում համատեղ աշխատանքներ կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով: