Տպել
30.11.2015
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ միջոցառումները
1 / 10

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական կենտրոնի նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նիստում քննարկվել են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել «Արդի ժամանակաշրջանում հավաքական եւ միջազգային անվտանգությանն ուղղված՝ ՀԱՊԿ ձեւաչափում միջազգային համագործակցության առաջնային ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ պատգամավոր, գիտաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը: Նիստի ընթացքում հնչել են բազմաթիվ ելույթներ: ՀԱՊԿ անդամ պետությունների միջազգային իրավիճակի վերաբերյալ թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նույն օրը կայացել են ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովների նիստերը:

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Մասնավորապես քննարկվել է «Արդի ժամանակաշրջանում ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության այլ ձեւերի հակազդմանն ուղղված՝ ՀԱՊԿ եւ Շանհայյան համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանականների ջանքերի միավորման մասին» փաստաթուղթը:

ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա հանդես է եկել մայիսի 26-27-ը Դուշանբեում անցկացված ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցության եւ ռազմաքաղաքական մոնիթորինգի արդյունքների մասին զեկույցով:

ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով ներկայացրել է «Էներգետիկ անվտանգության ամրապնդման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման առաջարկությունների մասին» նախագիծը:

Հաջորդ օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում՝ 2016թ. առաջին կիսամյակում: «ՀԱՊԿ-ում 2016թ. ՀՀ նախագահության առաջնահերթությունների մասին» զեկույցով հանդես է եկել Էդուարդ Շարմազանովը:

Նոյեմբերի 26-ին Տավրիդյան պալատում տեղի է ունեցել նաեւ ՀԱՊԿ ԽՎ 8-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են Էդուարդ Շարմազանովը եւ Խոսրով Հարությունյանը:

Նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Նիստում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետություններում օրենսդրությունների ներդաշնակեցմանն առնչվող հարցեր:

Նոյեմբերի 26-ին տեղի են ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը:

ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ «Միջազգային պրակտիկայում խորհրդարանական պատվիրակությունների եւ ազգային խորհրդարանների նկատմամբ քաղաքական պատճառներով սահմանափակող ռեժիմների կիրառման անթույլատրելիության մասին» ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հայտարարության նախագիծը:

ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա ներկայացրել է «ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդ գիտնականների համագործակցության մասին» առաջարկությունների նախագիծը, որն ընդունվել է հանձնաժողովի կողմից:

ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը: Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ միգրացիայի եւ ապահովագրական բժշկության վերաբերյալ մոդելային օրենքների նախագծեր:

ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը: Օրակարգային հարցերը հիմնականում վերաբերում էին էկոլոգիային եւ էկոլոգիական փորձաքննությանը:

Նույն օրը Տավրիդյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Ընդունվել են «Միջազգային պրակտիկայում խորհրդարանական պատվիրակությունների եւ ազգային խորհրդարանների նկատմամբ քաղաքական պատճառներով սահմանափակող ռեժիմների կիրառման անթույլատրելիության մասին» եւ «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ուժերի միավորման մասին» ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հայտարարությունները:

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Լիագումար նիստում Հրաչյա Թամրազյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ Չինգիզ Այթմատովի անվան բարձր մրցանակով, որը հանձնել է Վալենտինա Մատվիենկոն: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել Հրաչյա Թամրազյանը:

ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ բարձրագույն պարգեւով՝ ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով:

Միջոցառումների ավարտին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


30.11.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 30-ին երիտասարդական քաղաքականության գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով եւ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով պարգեւատրել է Երիտասարդական խորհրդարանի մի խումբ անդամների: Կարեւորելով երիտասարդության դերը պետության քաղաքական, ...