Տպել
02.02.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով նախարարի այցը խորհրդարան, հույս է հայտնել, որ նման փոխայցելությունները մեծապես կնպաստեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը: Գալուստ Սահակյանի խոսքով՝ խորհրդարանները մեծ ներուժ ունեն ներքին եւ արտաքին քաղաքականության ձեւավորման հարցում եւ կարող են միջամտել ու նպաստել երկու երկրների կնճռոտ խնդիրների լուծմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ թեեւ երկու երկրների խորհրդարանականների հարաբերությունները բարեկամական են, սակայն, ցավոք, համագործակցությունը միջազգային հարթակներում դեռեւս չի հաջողվում:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությունը ռազմական ոլորտում եւ կարծիք հայտնել, որ Վրաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունները ռազմաարդյունաբերական ոլորտում չեն խանգարի հայ-վրացական համատեղ ծրագրերի իրականացմանն այդ բնագավառում:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ Վրաստանի որոշակի հավասարակշռված դիրքորոշմանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ռազմավարական համագործակցություն ունենալով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը փորձում է հավասարակշռված կողմնորոշում ունենալ Հարավային Օսեթիայի հարցում: Գալուստ Սահակյանը կարեւորել է Վրաստանի հետ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումները եւ նշել, որ ՀՀ խորհրդարանը կնպաստի նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ ԱԺ նախագահին փոխանցել վրացի գործընկերոջ ողջույնները: Տիկին Խիդաշելին շնորհավորել է սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվեի անցկացման առնչությամբ. նույն դժվարին ճանապարհն անցել է նաեւ Վրաստանը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են երկու երկրների քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության զարգացման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


02.02.2016
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ա որոշման մեջ լրացում կատարելու եւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կար...

02.02.2016
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1...