Տպել
04.03.2016
Խորհրդարանական լսումներ` ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի վերաբերյալ
1 / 5

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները մարտի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կազմակերպել էին «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության ու ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արա Բաբլոյանը եւ Հակոբ Հակոբյանը նշել են, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական իրավիճակի համակողմանի գնահատման եւ իրականացվող նպատակային միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական հետեւանքների նվազեցումն ու իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված 2016-2018թթ.ի ազգային ծրագրի իրականացման դեպքում հնարավոր կլինի կանխարգելել ծնելիության նվազման միտումներն ու բարելավել այսօրվա ցուցանիշները: Նախարարի խոսքով՝ այժմ ծնելիության ցուցանիշով մեր երկիրն առաջ է անցել զարգացած երկրներից, սակայն հնարավոր է, որ հետագայում ծնելիության ցուցանիշը կրկնակի կնվազի: Արմեն Մուրադյանը շեշտել է, որ այսօր ծննդօգնության ոլորտին հատկացվում է 8.5 մլրդ դրամ, որն օգտագործվում է 43 հազար ծնունդ ընդունելու համար: Նախարարը նշել է, որ միայն առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման եւ ծննդօգնությունն ավելի որակյալ դարձնելու համար անհրաժեշտ է 14 մլրդ դրամ: Անդրադառնալով անպտղության խնդրին՝ նախարարը նշել է, որ իրականացվող սքրինինգային ծրագրի միջոցով փորձում են կանխարգելել դեռահաս աղջիկների անպտղության խնդիրը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարեւորել է միջոցառումների ծրագիրը՝ այն համարելով արդիական եւ առարկայական: Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ 2009թ-ին կառավարությունն առաջին անգամ հաստատել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի ռազմավարությունը, որից հետո յուրաքանչյուր տարի ներկայացնում է համապատասխան միջոցառումների ծրագիր: Արտեմ Ասատրյանն անդրադարձել է ծրագրով նախատեսված զբաղվածության ռազմավարական ծրագրին եւ բնակարանային ապահովության հարցին:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն, անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին, նշել է, որ ծրագրով թիրախավորվում է ծնելիությունը: Նա անդրադարձել է վերարտադրողական առողջությանը՝ այդ համատեքստում կարեւորելով ծրագրի մասին հասարակության իրազեկումը:

«ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների շրջանակում մայրության եւ բազմազավակության խնդիրներին է անդրադարձել ՀՀ առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Նա տեղեկացրել է, որ 2011-2015թթ. ծնելիության գումարային գործակիցը ցածր է եղել: Ըստ նրա՝ 2015 թվականին գրանցվել է մայրական մահացության ցուցանիշի որոշակի նվազեցում. արձանագրվել է մահացության 5 դեպք: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հղիության արհեստական ընդհատումները վերջին տարիներին դանդաղ տեմպերով նվազում են, սակայն դեռեւս գերազանցում են 2000-2005 թթ-ի ցուցանիշը:

Գայանե Ավագյանը տեղեկացրել է, որ ներկայում վերարտադրողական առողջության ոլորտում հիմնախնդիր է անհաս, փոքր քաշով եւ տարբեր արատներով ծնված նորածինների կյանքի պահպանման, բուժման ու խնամքի միջոցների անբավարարությունը, բնածին արատների բարձր մակարդակը: Գայանե Ավագյանն անդրադարձել է նաեւ հղիության հսկողության, ծննդօգնության գների վերանայման, անպտուղ զույգերի հետազոտման ու բուժման հարցերին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն անդրադարձել է երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման առկա կառուցակարգերի բարելավման հարցին եւ նշել, որ փոփոխություններ են նախատեսվում «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում, ինչպես նաեւ բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանով ապահովման ծրագրում` բնակարանով ապահովման պետական նպատակային ծրագրի (սոցիալական բնակարանային ֆոնդի) ներդրման եւ իրականացման միջոցով:

Ներկաները առողջապահական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողներին:

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են հնչեցված հարցերին եւ նշել, որ առաջարկների դեպքում ծրագիրը եւս մեկ անգամ կքննարկվի:


04.03.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 4-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխ...