Տպել
09.03.2016
ԱԺ հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 9-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Այնուհետեւ հանձնաժողովն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ապահովել հեռուստատեսությունների հեռարձակած ֆիլմերի հայերենով կրկնօրինակումը եւ ցուցադրությունը. ըստ նրա՝ օտար լեզուներով ֆիլմերի դիտումն առաջացնում է օտարալեզու մտածողություն:

Հանձնաժողովի անդամները, նախապատվությունը տալով հայերենով կրկնօրինակված ֆիլմերի ցուցադրությանը, անդրադարձել են նաեւ այս նախագծի ընդունման հնարավոր հետեւանքներին՝ ֆիլմերի անորակ կրկնօրինակում, հեռուստաընկերությունների համար հավելյալ ծախսերի ավելացում, պետական բյուջեով չնախատեսված հատկացումներ: Բուռն քննարկումներից հետո օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե Նաղդալյանի, Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Մխիթարյանի, Կարինե Պողոսյանի, Հեղինե Բիշարյանի, Արտակ Դավթյանի, Նաիրա Զոհրաբյանի, Շուշան Պետրոսյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ստացել է հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունը: Օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած, երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նիստի ավարտին հանձնաժողովը որոշել է մարտի 21-ին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե. գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով: