Տպել
22.03.2016
Հայաստան-Իտալիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն այցելել է «Պոլիտալի» ընկերություն
1 / 3

Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանն այցելել է Աբովյան քաղաքում գտնվող «Պոլիտալի» իտալական ընկերություն եւ հանդիպել ընկերության տնօրեն Ֆիլիպո Դուցիոնիի հետ:

Հանդիպման ընթացքում Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել իտալացի գործարարի՝ տեղական հումքով եւ իտալական տեխնոլոգիաներով արտադրություն կազմակերպելուն ուղղված գործունեությունը: Բարեկամական խմբի ղեկավարը վստահեցրել է, որ խումբը խորհրդարանական այս ձեւաչափով կաջակցի բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայաստան-Իտալիա տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում օտարերկրյա ընկերությունների ներգրավմանը եւ դրանց զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ֆիլիպո Դուցիոնին իր հերթին ընդգծել է, որ իտալացի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն հայաստանյան շուկայի նկատմամբ: Նա նշել է, Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է բացել իր երկրի ներդրողների համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ներդրումների խրախուսման, Իտալիայում հայ աշխատողների վերապատրաստման, հայ-իտալական ուսումնաարտադրական կենտրոն ստեղծելու, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքներում իտալական կապիտալի ներգրավումով արտադրամասեր հիմնելու հարցերին:

Շրջայցի ընթացքում Կորյուն Նահապետյանը ծանոթացել է «Պոլիտալի» ընկերությունում տեղակայված իտալական տարբեր ընկերությունների արտադրամասերի գործունեությանը: